Thursday, July 14, 2011

Բ. Սահակյան. Արցախը տվել է բազմաթիվ աշխարհահռչակ գիտնականներ

Panorama.am. 14-7-2011- Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 14-ին ուղերձ է հղել Ստեփանակերտում մեկնարկած «Դինամիկ համակարգեր, ոչ գծային վերլուծություն և դրանց կիրառումները» միջազգային գիտական կոնֆերանսի մասնակիցներին:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամաբ, Բ. Սահակյանը երախտագիտություն է հայտնել կոնֆերանսի կազմակերպիչներին ու մասնակիցներին, մաղթել արդյունավետ աշխատանք և ամենայն բարիք:
«Կոնֆերանսի հարգարժան մասնակիցներ, ի սրտե ողջունում եմ ձեզ արցախյան հողում: Միջազգային գիտաժողովների անցկացումը մեր հանրապետությունում դարձել է բարի ավանդույթ: Կարևոր նշանակություն ունի այստեղ ճշգրիտ գիտությունների գծով նման միջոցառումների բարձր մակարդակով կազմակերպումը: Այդ գիտությունների նկատմամբ մեր երկրում կա առանձնահատուկ հարգանք և ընդգծված հակում: Արցախը տվել է բազմաթիվ աշխարհահռչակ գիտնականներ: Եվ ամենևին էլ պատահական չէ, որ այս ոլորտը հանդիսանում է մեր գիտակրթական համակարգի զարգացման առանցքային ուղղություններից մեկը և գտնվում է պետության ուշադրության կենտրոնում:
Ողջունելի է, որ կոնֆերանսը կազմակերպվել է Արցախի, Հայաստանի և Սփյուռքի համատեղ ուժերով, պետական ու մասնավոր հատվածների ջանքերի համադրմամբ: Նման փոխգործակցությունը արդի պայմաններում հանդիսանում է գիտությանը սատարելու լավագույն տարբերակներից մեկը և դրականորեն է ազդում Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շարունակական ամրապնդման վրա»,-ասված է խոսքում:

No comments: