Saturday, July 30, 2011

Ֆիլիպ Գորդոն. ԵԱՀԿ-ն պետք է անմիջական դեր խաղա ԼՂ հակամարտության կարգավորման գործում

Panorama.am. 29-7-2011- «Բարաք Օբամայի վարչակազմը ցանկանում է, որպեսզի Եվրոպայի Անվտանգության և Համագործակցության Կազմակերպությունը (ԵԱՀԿ) անմիջական դեր խաղա հետխորհրդային տարածքի «սառեցված» հակամարտությունների կարգավորման գործում»,- հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի` Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Գորդոնը` ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի հովանու ներքո Եվրոպայում անվտանգության և համագործակցության երկկուսակցական հանձնաժողովի լսումների ժամանակ:
Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
«ԵԱՀԿ-ն պետք է շարունակի անմիջական դեր խաղալ ձգձգված հակամարտություններում` Վրաստանում, Մոլդովայում և Լեռնային Ղարաբաղում ընթացող հակամարտությունների կարգավորման գործում»,-նշել է Գորդոնը:
Գորդոնի կարծիքով, այդ հակամարտությունները այնպիսի ավերիչ ներուժ ունեն, որ կարող են ապակայունացնել ԵԱՀԿ-ի ամբողջ տարածաշրջանի անվտանգությունը: «Այդ հակամարտությունների հաղթահարումը պետք է լինի ԵԱՀԿ-ի և նրա բոլոր մասնակից պետությունների հիմնական առաջնահերթությունը»,- նշել է նա:
Այս խնդրի կապակցությամբ, ըստ աղբյուրի, Պենտագոնի` պաշտպանության քարտուղարի միջազգային անվտանգության հարցերով օգնական Ալեքսանդր Վերշբոն էլ իր հերթին նկատել է, որ մինչև հիմա Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող բանակցություններում առաջընթաց չի գրանցվել: «Հունիսի 24-ին Կազանում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ առաջընթացի փոխարեն հակառակը տեղի ունեցավ, ավելին` շփման գծում գնալով ավելանում է լարվածությունը»,- նշել է նա և հավելել. «Հայաստանը և Ադրբեջանը նախկինի պես չեն կարողանում հիմնարար սկզբունքների շուրջ գալ համաձայնության և մենք մնում ենք վտանգավոր և ոչ կառուցողական պատային իրավիճակում»:

No comments: