Saturday, July 30, 2011

Ո՞վ է հաջորդը

News.am. 29-7-2011- Համաշխարհային լրատվամիջոցներն ուշադրություն են հրավիրում Թուրքիայի վարչապետ Էրդողանի «ներողությունների բարդույթի» վրա: Թուրքիայի փաստացի առաջնորդը միայն այս տարի «ներողություն» է պահանջել Գերմանիայից, Իսրայելից եւ Հայաստանից:

1. Գերմանիա
Դեռեւս տարեսկզբին Hürriyet Daily News-ը գրել էր. Կիպրոսի հիմնախդնիրը լուծելու համար բավարար քայլեր չկատարելու մեջ մեղադրելու համար Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելից ներողություն էր պահանջել Թուրքիայի վարչապետ Էրդողանը:
«Հասկանալի է, որ Գերմանիայի կանցլերն իր պոպուլիստական քաղաքականությունը տարածում է Կիպրոսի վրա: Մերկելի հայտարարությունները հարիր չեն պատկերացում ունեցող առաջնորդին: Մենք ասում ենք, որ Մերկելը պետք է վերանայի իր պատմական գիտելիքները եւ ներողություն հայտնի»,– Թուրքիայի իշխող կուսակցության պատգամավորների հետ Անկարայում կայացած հանդիպման ժամանակ հայտարարեց Էրդողանը:
Այդ խիստ մեկնաբանությունները հնչեցին այն բանից հետո, երբ Կիպրոսի հարավային հատված վերջերս կատարած այցի ժամանակ Անգելա Մերկելը «ներխուժում» որակեց Կիպրոսի հյուսիսային հատվածում թուրքական ներկայությունը: Մերկելը քննադատում է Թուրքիայի եւ կիպրոսցի թուրքերին կիպրոսցի հույների հետ համաձայնության չհասնելու համար:
«Մերկելի հայտարարությունները ոչ միայն վիրավորում են, բայց նաեւ հակասում են նախկինում նրա արած հայտարարություններին, նաեւ ցույց են տալիս, որ նա չունի պատմական գիտելիքներ: Մերկելը ցույց տվեց, ոչ ծանոթ չէ Կիպրոսի հիմնախնդրին»,-ասել է Էրդողանը:
Ընդգծելով, որ Եվրամիությունն ու ՄԱԿ-ը պատասխանատվություն են կրում բանակցությունների համար` Էրդողանն ասել է, որ նրանք մինչեւ այսօր փնտրում են քրեական եւ քննադատության ենթակա Թուրքիա: Էրդողանը նշել է, որ Թուրքիան չի զիջի Հյուսիսային Կիպրոսի ոչ մի սանտիմետր:

2. Իսրայել
«Metrolic» կայքում Միխայ Սիլվիու Կիրիլեն անդրադառնում է Իսրայել – Թուրքիա դիմակայությանը:
Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունները շարունակում են մնալ սառը: Իսկ ՄԱԿ-ում շուտով կներկայացվի զեկույց թուրքական դրոշով «Մավի Մարմարա» նավի վրա տեղի ունեցածի մասին: Այդ նավը հումանիտար օգնություն պետք է հասցներ Գազայի հատված:
Չնայած շրջանառվող լուրերին, թե թուրքական եւ իսրայելական ղեկավարությունը գաղտնի բանակցություններ են վարում Էրդողանը խորհրդարանում ունեցած ելույթում Էրդողանը ոչ մի ակնարկ չարեց, թե երկու երկրների հարաբերությունները բարելավվում են:
Էրդողանը հայտարարեց, որ երկու կողմերի միջեւ հարաբերությունների կկարգավորվեն միայն, եթե Իսրայելը ներողություն խնդրի 2010թ. մայիսի 30-ին Իսրայելի պաշտպանության ուժերի հետ բախման ժամանակ ինը թուրքերի մահվան համար:

Էրդողանը հայտարարեց, որ նորմալացում հնարավոր չէ պատկերացնել, եթե Իսրայելը ներողություն չխնդրի «միջազգային իրավունքի նորմերին հակասող անօրինական գործողության» համար, մինչեւ փոխհատուցում չվճարի զոհվածների ընտանիքներին եւ չվերացնի էմբարգոն Գազայի դեմ:

Վերջին կետի ավելացումը թույլ է տալիս ենթադրել, որ Էրդողանի կարծիքով, այժմ Իսրայելը դժվար իրադրությունում է գտնվում եւ կարող է համաձայնել այդ պահանջներից գոնե մի քանիսին: Սակայն Գազայի հատվածի շրջափակումը վերացնելու պահանջն անիրական է թվում:
Թեեւ այդ հայտարարությունը հնչեց Նետանյահուի եվրոպական շրջագայության ավարտին: Նետանյահուն այցելեց Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ռումինիա եւ Բուլղարիա:
Բուլղարիայում Նետանյահուն խոստացավ երկու երկրների «միաձուլում»` ստորագրելով բազմաթիվ տնտեսական համաձայնագրեր եւ պայմանագրեր:
Նետանյահուն այդ քայլով թերեւս փորձում է Բալկաններում Թուրքիային հակակշռող դաշնակից գտնել, սեպտեմբերին ՄԱԿ-ում Պաղեստինի պետության հռչկաման քվեարկության ժամանակ վայելել բուլղարացիների աջակցությունը, կամ էլ բուլղարական պարենամթերք ապահովել իսրայելցիների սեղանին: Բոլոր տարբերակներն էլ հնարավոր են:
Իսրայելն անցած տարի համաձայնեց փոխհատուցում վճարել ՑԱԽԱԼ-ի գործողության ժամանակ զոհվածների ընտանիքին, նույնիսկ ափսոսանք հայտնեց այդ զոհերի կապակցությամբ, սակայն ներողություն հայտնել չի կարող, քանի որ դա կնշնակի ընդունել միջազգային իրավունքի սահմաններից դուրս գալու փաստը:


3. Հայաստան
Իսրայելը կարող է մխիթարվել, որ միակ երկիրը չէ, որից Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողության է սպասում. չորեքշաբթի նա նույնը պահանջել է նաեւ Հայաստանից։ Այս մասին գրում է իսրայելական The Jerusalem Post-ը։
Թուրքական Today’s Zaman կայքը, հաղորդելով Էրդողանի՝ Ադրբեջան կատարած այցի մասին, ներկայացնում է նրա այն խոսքը, ըստ որի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պետք է ներողություն խնդրի` հայ աշակերտներին Թուրքիայի արեեւլյան հատվածը զավթելու կոչ անելու համար։

Ըստ այդմ, նշվում է, որ իր այդ հայտարարությամբ, Սերժ Սարգսյանը Հայաստանի երիտասարդությանը ուղորդում է դեպի «մթություն»: Թերթը մեջբերում է Էրդողանի խոսքերը. «Նման դիվանագիտություն լինել չի կարող: Սարգսյանը շատ լուրջ սխալ է արել... Նա պետք է ներողություն խնդրի»:

Այնուհետեւ «Ջերուսալեմ փոստը» հիշեցնում է, որ Հայաստանի հանդեպ Էրդողանի ներողության պահանջը մի քանի օր առաջ ներկայացվել է նաեւ Իսրայելին: Թերթը գրում է, որ օրերս Էրդողանը սպառնացել էր Իսրայելի դեմ գործադրել իր «Պլան Բ»-ն, այսինքն` էլ ավելի իջեցնել երկկողմ կապերի մակարդակը, եթե այդ երկիրը ներողություն չխնդրի անցած տարվա «Մավի Մարմարա» նավի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

«Ջերուսալեմ Փոստ»-ը մեջբերել է անանուն իսրայելական դիվանագիտական աղբյուրի խոսքը. «Այն, ինչ մենք տեսնում ենք նոր վարքագծի զարգացում է»: Այնուհետեւ իսրայելցի դիվանագետը Թուրքիայի վարչապետին հեգնաբար հիշեցնում է իր երկրի արարքները. «Իսկ ո՞վ է Էրդողանին ստիպելու ներողություն խնդրել Թուրքիայի կողմից իրականացված Հյուսիսային Կիպրոսի օկուպացման համար»:

Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ծաղկաձորում Հայոց լեզվի, գրականության եւ հայագիտական գիտելիքների համահայկական 5-րդ օլիմպիադայի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով դպրոցականներից մեկի հարցին, թե ի՞նչ սահմաններ է ունենալու ապագա Հայաստանը, արդյոք մեզ կվերադարձվի՞ Արեւմտյան Հայաստանը, ասել էր. «Այդ ամբողջը կախված է քեզնից եւ քո սերնդից: Իմ սերունդը, կարծում եմ, իր առջեւ դրած պարտականությունը կատարեց, երբ 90-ական թվականների սկզբներին անհրաժեշտ էր մեր հայրենիքի հատվածներից մեկը` Ղարաբաղը պաշտպանել թշնամիներից, մենք կարողացանք դա անել: Եվ ես սա ասում եմ ոչ նրա համար, որ որեւէ մեկին կշտամբեմ: Ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր սերունդ իր պարտականությունն ունի, եւ այդ պարտականությունը պետք է կարողանա կատարել ու՝ լավ կատարել»։
Հայտարարություն ը առաջ էր բերել Թուրքիայի զայրույթը։ Համաձայն Today’s Zaman-ի՝ Էրդողանն ասել է, որ Սարգսյանի պահվածքը սադրանք է եւ փորձ՝ երիտասարդներին լցնել ատելությամբ։
«Նման դիվանագիտություն չի կարող լինել։ Սարգսյանը շատ լուրջ սխալ է թույլ տվել... Նա պետք է ներողություն խնդրի»,- ասել է Էրդողանը։
Եվ, այսպես, ո՞վ է լինելու հաջորդը Թուրքիայի վարչապետի «ցուցակում»


No comments: