Wednesday, July 20, 2011

Խաչմերուկի կաթողիկոսարանն ու կորած զարկերակը

«Լրագիր» 20-7-2011- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը արձագանքել է “Չենք լռելու” նախաձեռնության տարածած հաղորդագրությանը, որը վերաբերում է Սանահին վանական համալիրի ողբալի վիճակին: Այդ հաղորդագրության մեջ կար մեղադրանք ուղղված Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որի համար հիմք էր ծառայել հուշարձանագետ Սամվել Կարապետյանի “Արմինֆո” գործակալությանը տված հարցազրույցը: Դրանում Կարապետյանը նշել էր, որ երբ հարցը բարձրացրել է Կաթողիկոսի մոտ, ապա ստացել է պատասխան, որ Կաթողիկոսը գործ չունի լեռների վանքերի ու եկեղեցիների հետ:
Այդ տեղեկատվությունը մեծ դժգոհություն է առաջացրել սոցիալական ցանցերում, առաջ բերելով Կաթողիկոսի դեմ բողոքի հերթական ալիք: Իրավիճակի կապակցությամբ պարզաբանում տվեց նաեւ Մայր Աթոռը: Բայց, պարզաբանման բովանդակությունը առաջացնում է որոշ հարցեր, իր մի քանի նախադասությունների փաստական էությամբ կարծես թե յուղ լցնելով կրակին:
Մասնավորապես, Մայր Աթոռի պարզաբանման մեջ նշվում է. պրն. Սամվել Կարապետյանն ամբողջությամբ խեղաթյուրված է ներկայացնում զրույցը Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: “Անամոթություն և լկտիություն է եկեղեցիների և սրբավայրերի պահպանության առնչությամբ ավելի ցավսիրտ ներկայանալ, քան Ամենայն հայոց կաթողիկոսը կամ որևէ թեմակալ առաջնորդ և եկեղեցական”:
Սամվել Կարապետյանն իհարկե ինքը կարող է պատասխանել, թե ինչն է եղաթյուրել, իսկ ինչը ոչ: Բայց, ինչ է նշանակում անամոթություն եւ լկտիություն է Կաթողիկոսից կամ որեւէ թեմակալ առաջնորդից ու եկեղեցականից ցավսիրտ երեւալը: Իսկ ով է չափում վանքերի համար սրտի այդ ցավի աստիճանը: Ինչու է Մայր Աթոռն իրեն իրավունք վերապահում ոչ միայն համարել, որ ոչ ոք ավելի չի կարող ցավել, քան Կաթողիկոսն ու այլ եկեղեցականներ, այլ նաեւ կանխավ դատապարտում է այդ հանգամանքը կասկածի տակ առնելն ու վիճարկելը, դա համարելով անամոթ ու լկտի արարք: Այսինքն, ի՞նչ է ստացվում. մարդը, ով կասի, որ ինքը վանքերի եւ եկեղեցիների համար ավելի է ցավում, քան ասենք Կաթողիկոսը կամ որեւէ եկեղեցական, ուրեմն ըստ Մայր Աթոռի անամոթ է ու լկտի՞:
Ի դեպ, եթե տվյալ դեպքում խոսքը վերաբերում է Սամվել Կարապետյանին, ապա որքան ինձ հայտնի է, այդ մարդը շրջում է Հայաստանի գրեթե ամբողջ տարածքով, մեկ առ մեկ “գույքագրում” հայկական պատմամշակութային հայտնի ու անհայտ հուշարձանները, տեղեկատվական բազա կազմում, կատարելով գրեթե մի ամբողջ գիտահետազոտական ինստիտուտի աշխատանք, որի զգալի մասը էնտուզիազմի հաշվին: Ընդ որում, Կարապետյանը կարծես թե շրջում է ոտքով, այլ ոչ շքեղ ու հարմարավետ ներկայացուցչական դասի մեքենաներով, ինչպես տարբեր “ցավսիրտ” եկեղեցապետեր:
Ի դեպ, այդ մասին հիշելու առիթ է տալիս նաեւ Մայր Աթոռի պարզաբանման մյուս հատվածը, որը եւս հարցեր է առաջացնում. “Նորին Սրբության ուշադրության ներքո են բոլոր վանքերն ու եկեղեցիները, սակայն Մայր Աթոռ Ս. Էջմիածինն ի վիճակի չէ բոլոր վանքերի նորոգությունը միաժամանակ իրագործել և բազմիցս այդ մասին ասվել է, որ մեր հոգևոր ժառանգության պահպանությունն կարելի է իրականացնել միայն պետության հովանավորությամբ և աջակցությամբ: Այդուհանդերձ Մայր Աթոռը իր սուղ միջոցներով հանդերձ հետամուտ է նորոգության առավել կարիքի մեջ գտնվող վանքերի ու եկեղեցիների”:
Թե ինչքանով են եկեղեցու միջոցները սուղ կամ ոչ սուղ, շատ դժվար է դատել, քանի որ եկեղեցու ֆինանսական վիճակի, մուտքերի, ելքերի մասին հաշվետվություններ կարծես թե չեն հրապարակվում: Բայց, որոշակի դատողությունների հիմք է տալիս եկեղեցապետերից շատերի թե շքեղ անձնական կյանքը, նվիրատվությունների ճոխ համակարգը, թե ծառայության ընթացքում ասենք նրանց սպասարկող ծառայական մեքենաների շքեղությունը:
Բայց, եթե եկեղեցու միջոցներն իսկապես սուղ են, ապա ինչքանով է արդարացված, որ այդ սուղ միջոցները ուղղվում են ոչ թե անմխիթար եւ կործանման եզրին գտնվող հուշարձանների նորոգմանը` “թեկուզ մեկ հուշարձան ավելի նորոգելու” սկզբունքով, այլ գալիս են Երեւանի կենտրոն եւ դառնում ասենք կաթողիկոսական նստավայր եւ հերթական եկեղեցի: Միթե Հայ Առաքելական Եկեղեցին եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեծապես կտուժեին, եթե Երեւանում կաթողիկոսական նստավայր չլիներ, այլ այդ փողն ուղղվեր ասենք հենց նույն Սանահինի վանքի պահպանությանը: Չէ որ եթե միջոցները սուղ են, ապա դրանք առավել եւս պետք է օպտիմալ ծախսել, որովհետեւ, ասենք տասը տարի անց էլ Երեւանում կարելի է կաթողիկոսական նստավայր կառուցել, բայց ենթադրենք տասը տարի անց Սանահինի վերականգնումը կարող է լինել անիրականանալի:
Իսկ եթե այդ կառուցապատումներն արվում են բարերարների հաշվին, ապա ինչու չխնդրել նրանց, որ այդ փողն ուղղեն առավել կարիքավոր ուղղություններով: Հազիվ թե բարերաները մերժեն: Իսկ եթե կմերժեն, ապա դրանով եկեղեցին թերեւս միանգամից երկու լավ բան արած կլինի` թե այդ բարերարի իրական դեմքը կբացի, թե զերծ կմնա հանրայնորեն անընդունելի ու անհասկանալի նախաձեռնություններից: Եվ եթե լքված կամ լքվող վանքերի հանդեպ անուշադրությունը պատճառաբանի փողի սղությամբ, հանրությունը գոնե առիթ չի ունենա ասելու` “իսկ ինչ փողով է կառուցվում խաչմերուկի կաթողիկոսարանն ու կից եկեղեցին”:
Հայ Առաքելական Եկեղեցին ակնհայտորեն կորցրել է հանրային կյանքի զարկերակը, կորցրել է հանրությանն իր տեսադաշտից: Իսկ դրա որոնումների փոխարեն, հանրությանը մատուցվում են արդարացումներ կամ նախատինք` փաստական լիովին հակադիր ֆոնի վրա, ստանալով լրիվ հակառակ էֆֆեկտ:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: