Saturday, July 30, 2011

Ի՞ՆՉ Է ԱԿՆԱՐԿՈՒՄ ԱՄՆ-Ը

«ԱԶԳ, 30-07-2011- «Ղարաբաղյան բանակցություններում արձանագրվել է մեկ քայլ հետընթաց», հուլիսի 28-ին հայտարարել է Պենտագոնի ղեկավարի միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն : Ամերիկացի պաշտոնյան այս կերպ մեկնաբանել է Կազանում հունիսի 24-ին տեղի ունեցած Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ հանդիպումը` ՌԴ նախագահի նախաձեռնությամբ կազմակերպված: Ավելի մանրամասնելով` Պենտագոնի ներկայացուցիչը նշել է. «Կազանում հնարավոր չեղավ հասնել առաջընթացի, իսկ լարվածությունը երկու կողմերի շփման գծում աճում է: Միեւնույն ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը, նախկինի պես, ի վիճակի չեն ավարտին հասցնել ղարաբաղյան հարցի հիմնարար սկզբունքների համաձայնեցումը, եւ մենք մնում ենք ապակառուցողական եւ վտանգավոր անելանելի իրավիճակում», ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` հայտարարել է Վերշբոուն:
Նույն օրը Վաշինգտոնից հնչել է պետքարտուղարի Եվրոպայի եւ եվրասիական գործերով օգնական Ֆիլիպ Գորդոնի հայտարարությունը: «Բարաք Օբամայի աշխատակազմը կողմ է, որ ԵԱՀԿ-ն անմիջական դերակատարում ունենա հետխորհրդային տարածքում «սառեցված» հակամարտությունների կարգավորման գործում: ԵԱՀԿ-ն պետք է շարունակի անմիջական դերակատարումը Վրաստանի, Մոլդովայի եւ Լեռնային Ղարաբաղի տեւական հակամարտությունների կարգավորման գործում: Քանի որ այդ հակամարտություններն ունեն կազմաքանդիչ ներուժ, որն ի զորու է ապակայունացնել անվտանգությունը ԵԱՀԿ տարածքում: ԱՄՆ-ի տեսանկյունից` այդ հակամարտությունների հաղթահարումը պետք է ԵԱՀԿ-ի անդամ պետությունների համար մնա բարձր առաջնահերթությունների շարքում»:
Նախՙ Պենտագոնի ներկայացուցչի հայտարարությունը ասված է մի ժամանակաշրջանում, երբ Հյուսիսային Աֆրիկայում, Իրանի շուրջը տիրող իրավիճակներից ելնելով, որոշակի «սառեցում» է նկատվում ռուս-ամերիկյան «վերաբեռնման» գործընթացում, ինչի մասին երեկվա համարում արդեն գրել է «Ազգ»-ը` ներկայացնելով մասնավորապես ՆԱՏՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինի հայտարարությունները: Հետեւաբար, մանավանդ հաշվի առնելով նախագահ Մեդվեդեւի չբարձրաձայնած, բայց զգալի հիասթափությունը` կոնկրետ Կազանի հանդիպումից հետո, Վաշինգտոնը փորձում է որոշակի նախաձեռնություն խլել Մոսկվայից ԼՂ հիմնահարցում:
Վերշբոուի հայտարարության այն մասը, որ «Կազանում արձանագրվեց հետքայլ», կամ «Հայաստանն ու Ադրբեջանը նախկինի նման ի վիճակի չեն ավարտին հասցնել ղարաբաղյան հարցի հիմնարար սկզբունքների համաձայնեցման գործընթացը», հենց վկայում է, որ Վաշինգտոնը ցանկություն ունի որոշակիորեն փոխելու իրերի առկա դասավորությունը, այն է` «նախկինի պես» «ստիպել», «առաջարկել», «խնդրել» Երեւանին եւ Բաքվին` վերջապես համաձայնեցնել այդ սկզբունքները, այլ կերպ ասած` տիրապետել գոնե որոշակի նախաձեռնության:
Այլ բան է Գորդոնի հայտարարությունը, որը դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչ է, Օբամայի թիմի մարդ: Այսպես, երբ Գորդոնը նշում է, թե «ԵԱՀԿ-ն պետք է դերակատարում ունենա հետխորհրդային բոլոր հակամարտություններում», նկատի չունի՞ արդյոք նաեւ Թուրքիային: Եթե այո, իսկ ոչ չի կարող լինել, քանի որ Թուրքիան ոչ միայն ԵԱՀԿ-ի, այլեւ ԵԱՀԿ Մինսկի ընդլայնված խմբի անդամ է, ապա սա Վաշինգտոնի հակաքայլը չէ՞ արդյոք Մոսկվային: Նշենք, որ առաջիկայում, ըստ ռուսական մամուլի, նախատեսվում է նախագահ Մեդվեդեւի այցը Թուրքիա, որը Անկարայում եւ Ստամբուլում կքննարկի «երկկողմ ռազմավարական հարաբերությունների» հարցեր: Հետեւաբար, արդյոք Վաշինգտոնը, Թուրքիային «ցույց տալով» ԼՂ հիմնահարցի կարգավորմանը մասնակցելու «դուռը», նպատակ չունի՞ ռազմավարական դաշնակից Անկարային շահագրգռելով, զերծ պահել վերջինիս Մոսկվայի ինչ-ինչ ազդեցություններից: Հետաքրքրական է, սակայն, Գորդոնի հայտարարության տեքստում տեղանունների ընդգծումը. «...ԵԱՀԿ-ն պետք է դերակատարում ունենա Վրաստանի, Մոլդովայի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտություններում», նշել է պետքարտուղարի օգնականը, հնարավորություն ունենալով, օրինակ, նույն հայտարարությունը ձեւակերպելու` տալով նաեւ Հարավային Օսիայի, Աբխազիայի, Մերձդնեստրի անունները, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտություն ասելու փոխարեն` հայ-ադրբեջանական հակամարտություն ասելով: Ավելորդ չենք համարում հիշեցնել նաեւ Կազանի հանդիպումից առաջ նախագահ Օբամայի ընդգծումը ՀՀ նախագահի հետ հեռախոսազրույցում. «Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդները պետք է ապրեն խաղաղության մեջ»:

Այսպիսով, առաջիկայում հայկական կողմերի եւ ադրբեջանական կողմի միջեւ տարաձայնություններին զուգահեռ հնարավոր է, որ ականատես լինենք նաեւ Մինսկի խմբի միջնորդների միջեւ նախաձեռնության համար «պայքարի», ինչը կարող է արտահայտվել, օրինակ, նախագահների հաջորդ հանդիպումը ամենեւին էլ ոչ ռուսական հողում անցկացնելու փաստով: Ասենք` նախագահները կարող են հանդիպել ֆրանսիական ծովափնյա քաղաքներից մեկում, ինչից, սակայն, բանակցությունների էությունը դժվար թե փոխվի, իսկ չի փոխվի, քանի դեռ դրանց մասնակից չէ հակամարտության բուն ու կոնկրետ կողմը` Ստեփանակերտը:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

No comments: