Saturday, July 30, 2011

Սերժ Սարգսյանը պետք է համոզիչ լինի

Lragir.am. 29-7-2011- Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմարովսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Սերժ Սարգսյանը լեհ լրագրողների խնդրանքով անդրադառնալով Վարշավայում կայանալիք Եվրամիության Արեւելյան գործընկերության վեհաժողովից իր սպասելիքին, նշեց, թե սպասում է միմիայն տարբերակված մոտեցում:

Այդ դիրքորոշումը Հայաստանը պետք է հետեւողականորեն առաջ մղի Եվրամիության հետ փոխհարաբերությունում: Հարավային Կովկասում եվրոպական քաղաքականությունը կարող է արդյունավետ լինել միայն տարբերակված մոտեցման պարագայում: Ընդունված է համարել, որ Եվրամիությունը Հարավային Կովկասը դիտում է միասնական տարածք եւ այդ հարթության վրա դիտարկում կովկասյան երկրների հետ իր փոխհարաբերությունը:

Բայց, ակնհայտ է նաեւ, որ այդ պրիզման խիստ անարդյունավետ է, ինչի մասին վկայում է Հարավային Կովկասում եվրոպական քաղաքականության դանդաղ եւ փաստացի նվազ արդյունավետ ընթացքը: Եթե Եվրոպան Հարավային Կովկասի երկրները դիտարկի առանձին եւ ամեն մեկի հանդեպ առանձին մարտավարական եւ ռազմավարական մոտեցում ցուցաբերի, դա էլ ավելի կնպաստի ընդհանուր եվրոպական քաղաքականության առաջընթացին ու արդյունավետությանը Հարավային Կովկասում, քան տարածաշրջանը միասնական դիտարկելու եւ մի երկրի հետ գործընթացը մյուս երկրով պայմանավորելու մարտավարությունը:

Կովկասում խնդիրները շատ են ու բազմազան, եւ միասնական դիտարկման պարագայում արգելակներն ու պատնեշները զգալիորեն ավելանում են: Երկրների հետ առանձին աշխատանքի դեպքում նրանց միջեւ եղած փոխհարաբերությունների հարուցած կամ հարուցման պոտենցիալ պարունակող խնդիրները գոնե դուրս են գալիս, եւ աշխատանքը եվրոպական քաղաքականության ուղղությամբ դառնում է ավելի դյուրին:

Բայց, Հայաստանի իշխանությունը ոչ միայն պետք է Եվրամիությունից պահանջի, կամ հորդորի կամ կոչ անի դրսեւորել տարբերակված մոտեցում, այլ նաեւ իր գործունեությամբ, իր վարքով եւ գործողություններով ցույց տա, որ այդ մոտեցումն արդարացված է եւ արդյունավետ: Այսինքն, Հայաստանը պետք է արագացնի, կամ վերջապես սկսի իրական եվրոպական արժեհամակարգին ուղղված ընթացքը: Եվրոպան պետք է տեսնի, որ տարբերակված մոտեցումն իսկապես արդարացված է, եւ երկրները, տվյալ դեպքում Հայաստանը, իսկապես անկեղծ են այսպես ասած անհատական մակարդակի աշխատանքի հանդեպ իրենց մղումներում եւ ակնկալիքներում:

Հայաստանն այդ անկեղծությունը կարծես թե դեռ այդքան էլ չի ցուցաբերում եւ Հայաստանում եվրոպական արժեքները կրում են առավելապես հռչակագրային, պաստառային բնույթ եւ չեն դարձել պետական իրական քաղաքականության առանցք կամ գեներատոր:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: