Saturday, July 30, 2011

ԻԻՀ ԱԳ նախարարի պատասխանը Մեջլիսին. «Ահմադինեժադի աշխատակազմի ղեկավարն այլևս չի միջամտում արտաքին քաղաքականությանը»

Panorama.am. 29-7-2011- «Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի աշխատակազմի ղեկավար Ռահիմ Մաշային իմ պաշտոնավարման ժամանակաշրջանում չի միջամտում երկրի արտաքին քաղաքականության իրականացման գործընթացին»:
Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ` Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովում պատգամավորների մի շարք հարցերին պատասխանելու ժամանակ նշել է Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին:
Մեջլիսի պատգամավոր Ահմադ Թավաքոլիի այն հարցին, թե Մ. Ահմադինեժադի տեղակալը, կամ աշխատակազմի ղեկավարը, երբ օտարերկրյա այցեր են կատարել, արդյոք ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ներկա է եղել այդ հանդիպումներին, ԱԳ նախարարը պատասխանել է. «Իմ պաշտոնավարման ժամանակ նրանց օտարկերյա այցելությունը կատարվել է միայն նախագահի այցի շրջանակներում, նրանք միայնակ այցելություն չեն իրականացրել»:
Հիշեցնենք, որ մինչ ներկայիս ԱԳ նախարարի պաշտոնավարումը, նախկին նախարար Մանուչեհր Մոթթաքիի պաշտոնավարման ժամանակ նախագահ Մ.Ահմադինեժադի տեղակալները, այդ թվում Ռահիմ Մաշային օժտված էին որոշակի լիազորություններով, և ժամանակ առ ժամանակ արտաքին քաղաքական խնդիրներ քննարկելու նպատակով գործուղվում էին տարբեր երկրներ:
Սակայն ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին միջամտեց այդ գործընթացին, նշելով, որ երկրի արտաքին քաղաքականությունը պետք է իրականացվի միայն ԱԳՆ միջոցով:

No comments: