Saturday, July 30, 2011

«ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿԻՊՐՈՍԻ ՕԿՈՒՊԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԷՐԴՈՂԱՆԻՆ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼՈՒ ՊԱՀԱՆՋ Ո՞Վ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ»

«ԱԶԳ, 30-07-2011- Թուրքիայի վարչապետ Էրդողանիՙ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրած ներողություն խնդրելու պահանջին անդրադարձել է իսրայելական մամուլը: Ինչպես հայտնի է, դեռեւս անցյալ տարվա հունիսին «Մավի Մարմարա» նավի կացնով, մահակներով եւ երկաթե ձողերով զինված ուղեւորներից 9-ի սպանության համար, որոնք «արժանի» դիմադրություն էին ցույց տվել իսրայելական հատուկ ջոկատին, Թուրքիան Իսրայելից պահանջել էր պաշտոնապես ներողություն խնդրել, դրա համար վարչապետ Նաթանյահուի կառավարությանը տալով մեկ ամիս ժամանակ:
Ավելի քան 1 տարի է անցել: Չնայած Նաթանյահուի հայտարարությանը, թե Իսրայելը Թուրքիայից ներողություն չի խնդրի, Անկարան առ այսօր դրան է սպասում, իսկ թուրքական մամուլը ժամանակ առ ժամանակ կանխագուշակումներ է անում իսրայելական կողմի Թուրքիայից ներողություն խնդրելու պատրաստակամության մասին:
Վերջին անգամ թուրքական թերթերը այդ կարգի լուրեր շրջանառության մեջ էին դրել հուլիսի 27-ին, երբ Էրդողանը Բաքվում, նաեւ ՀՀ նախագահից ներողություն խնդրել պահանջեց, որին էլ արձագանքել է իսրայելական մամուլը, մասնավորապես «Ջերուսալեմ փոստ» թերթը: Այդ արձագանքին հուլիսի 28-ի համարում «Իսրայելը աջակցում է Հայաստանին» վերնագրով անդրադառնում է թուրքական «Միլիյեթ»-ը, որն ահա թե ինչ է գրում.
«Իսրայելական մամուլը հրապարակման նյութ է դարձրել վարչապետ Էրդողանի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ներկայացրած ներողություն խնդրելու պահանջը: «Ջերուսալեմ փոստ» թերթը գրեց. «Էրդողանը եւս մեկ ներողություն է պահանջում, այս անգամՙ Հայաստանից», ավելացնելով, որ Իսրայելն այլեւս թուրքական այդ պահանջի միակ հասցեատերը չէ աշխարհում:
Իսրայելական թերթը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Հայաստանին հասցեագրված ներողության պահանջը ներկայացվել է, երբ շրջանառության մեջ են դրվել ներողություն չխնդրելու պարագայում Իսրայելի հետ հարաբերությունների մակարդակն իջեցնելու Թուրքիայի նպատակամղվածության մասին լուրերը:
Հերբ Քեինոն ստորագրությամբ «Ջերուսալեմ փոստ» թերթում հրատարակված նյութի համաձայն, Իսրայելի արտգործնախարարության անանուն մի պատասխանատու, նկատի ունենալով Էրդողանի վերջին պահանջը, հայտարարել է. «Ինչպես երեւում է, ներողություն խնդրելու պահանջը նոր երանգ է ստանում: Շատ բարի, բայց Հյուսիսային Կիպրոսի օկուպացման համար Էրդողանից ո՞վ է պահանջելու ներողություն խնդրել»:
Վերջում, «Ջերուսալեմ փոստ»-ը ընդգծում է, որ 8 նախարարների հետ վարչապետ Բենիամին Նաթանյահուի հուլիսի 26-ի հանդիպմանը Թուրքիայից ներողություն խնդրելու հարց չի քննարկվել»:
Հ. ՉԱՔՐՅԱՆ

No comments: