Saturday, July 16, 2011

Իշխանության ակնկալիքը «երկխոսությունից»

«Լրագիր» 15-7-2011- Հայաստանի իշխանությունները, սույն թվականի հուլիսի 9-ին նախագահի մամլո խոսնակ Ա. Արզումանյանի միջոցով շատերի համար անսպասելիորեն հանդես եկան ՀԱԿ-իշխանություններ երկխոսության վերաբերյալ նոր հայտարարությամբ: Հնչեցված տեքստի բովանդակությունից երեւում է, որ իշխանությունները եւս մեկ անգամ փորձում են հասկացնել, որ հենց իրենք են երկխոսության նախաձեռնողն ու ուղղորդողը: Հավանաբար, իրենց համար դա կարեւոր է նախ նրա համար, որպեսզի իրենց կողմնակիցների մոտ հանկարծ ձեռք չբերեն զիջողի իմիջ, քանի որ դա կարող է բերել սեփական դիրքերի ամրության վերաբերյալ կասկածի առաջացմանը: Բացի այդ դա անհրաժեշտ է, որպեսզի միջազգային հանրության առջեւ ներկայանան ժողովրդավարացմանը ձգտող, բարեփոխումների ճանապարհով ընթացողի կերպարի ներքո` ակնկալելով իրենց նկատմամբ իրականացվող ճնշման մեղմացում:

Հետաքրքրական է, որ Արզումանյանը, մեջբերելով Լեւոն Տեր-Պետրոսյանի հունիսի 30-ի ելույթից հետեւյալ հատվածը` «Երկխոսություն՝ այո´, բայց ոչ թե երկրորդական, այլ առաջին հերթին հիմնական հարցերի շուրջ», ցանկացել է ցույց տալ, որ Սերժ Սարգսյանն է երկխոսության առաջարկ արել հունիսի 17-ին, եւ որ Տեր-Պետրոսյանը դրական է պատասխանել Սերժ Սարգսյանի հնչեցրած այդ առաջարկին: Ս.Սարգսյանը հունիսի 17-ին նշել էր, որ, եթե կոնգրեսը ցանկություն ունի միայն հատուկ նշանակված մարդկանց միջոցով շարունակել երկխոսությունն արտաքին եւ ներքին կարեւորագույն խնդիրների շուրջ, ապա կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները կարող են նստել քննարկումների սեղանի շուրջ:

Ցանկանում ենք ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ ՀԱԿ առաջնորդի վերոնշյալ խոսքն Արզումանյանի կողմից ամբողջությամբ չի վկայակոչվել. մեջբերվել է մտքի միայն առաջին հատվածը: Սակայն էական նշանակություն ունի երկրորդ մասը, որում ասված է. «որոնցից գլխավորը արտահերթ ընտրությունների անցկացումն ու սահմանադրական կարգի վերականգնումն է»։

Պարզ երեւում է, որ իշխանությունները, եթե նույնիսկ մտադիր չեն հանդիպել Կոնգրեսի պատվիրակության հետ, ամեն դեպքում շահագրգռված են նման ցանկություն ներկայացնելու մեջ: Ըստ էության, ներկայում իշխանությունները չեն ցանկանում հակադրվել ՀԱԿ-ին: Այդ պահվածքը հնարավոր է բացատրել նրանով, որ իշխանություններն այժմ մեծ արտաքին ճնշումների ենթարկվելով եւ կանգնելով ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի առջեւ` խուսափում են ընդդիմադիր զանգվածների ակտիվացումից եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀԱԿ-ը ունի այդ զանգվածների առնվազն զգալի մասի վրա մեծ ազդեցություն` փորձում են օգտագործել նրան` զսպելու համար ժողովրդի հնարավոր ընդվզումը:

Հստակ է նաեւ, որ իշխանությունները ներկայում հրաժարվում են խոսել Կոնգրեսի առաջ քաշած առանցքային խնդիրների շուրջ: Ստացվում է, որ այս պահին նրանք ՀԱԿ-ի հետ քննարկումներ կանցկացնեն այն դեպքում միայն, երբ վերջինս նախատեսվող հանդիպումների առվազն սկզբնական փուլում կհրաժարվի պնդել արտահերթ ընտրությունների պահանջը: Իշխանությունների մարտավարությունը, ըստ երեւույթին, հետեւյալն է. կատարել այնպիսի առաջարկներ, որոնք միայն մասամբ ընդունելի կլինեն ՀԱԿ-ի համար` ակնկալելով, որ մի կողմից միջազգային հանրությունը կսպասի իրադարձությունների զարգացմանը եւ զերծ կմնա նոր ճնշումներից, եւ մյուս կողմից` ՀԱԿ-ը չի շտապի հայտարարել վերջնական ջրբաժանի սկզբի մասին: Ըստ իշխանությունների տրամաբանության` ՀԱԿ-ը հանդես չի նման հայտարարությամբ, քանի որ կարող է ակնկալել (մտածել), որ որոշ ժամանակ անց իշխանությունը կընդունի արտահերթ ընտրությունների պահանջը կամ որ, օրինակ, օրակարգի ճշտման համար նախատեսված հնարավոր մի քանի հանդիպումներից հետո հնարավորություններ կստեղծվեն ներկայիս ռեժիմին պարտադրել սեփական օրակարգը:

Էդգար Վարդանյան, ՌԱՀՀԿ փորձագետ

No comments: