Thursday, July 28, 2011

Ի՞ՆՉ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ ՋՈՆ ՀԵՖԵՐՆԸ

«ԱԶԳ», 28-07-2011- «Օբամայի վարչակազմն ամրապնդել է ԱՄՆ հարաբերություններն Հայաստանի հետ», հայտարարել է ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպանի թեկնածու Ջոն Հեֆերնըՙ հավելելով, թե դեսպանի պաշտոնում պատրաստվում է շարունակել այդ ուղղությամբ իր նախորդների աշխատանքը: «Արտաքին ծառայությունների ոլորտում 29-ամյա գործունեությունն ինձ նախապատրաստել է այս նշանակմանը, ես հավատարմորեն ծառայել եմ ինչպես դեմոկրատական, այնպես էլ հանրապետական վարչակազմերում», հայտարարել է դեսպանի թեկնածուն:
Ի՞նչ կփոխի ամերիկացի դիվանագետ Ջոն Հեֆերնի նշանակումը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում. այս հարցը թերեւս հուզում է շատերին: ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում դեսպանի թեկնածության հարցի լսումները հնարավորություն ընձեռեցին որոշակիորեն պարզելու ապագա դեսպանի դիրքորոշումը Հայաստանին առնչվող մի շարք հարցերում, ինչպես եւ հստակեցնելու հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարները:
ՆԱՏՕ-ում ամերիկյան պատվիրակության ղեկավարի օգնական Ջոն Հեֆերնի անունը մինչեւ այժմ մամուլում երբեւէ չէր շրջանառվել Հայաստանին անմիջականորեն վերաբերող խնդիրների համատեքստում: Այսինքն, ակնկալվում է, որ ապագա դեսպանն, ամենայն հավանականությամբ, կլինի մեր երկրում եւ տարածաշրջանում ամերիկյան մոտեցումները հնարավորինս անաչառ կերպով փոխանցողի դերում:

Իսկ թե որոնք են ամերիկյան առաջիկա խնդիրները տարածաշրջանում եւ ինչպես կարտացոլվեն հայ-ամերիկյան հարաբերություններում, կարելի է եզրակացնել լսումների ընթացքում հնչած պատասխաններից:
Հստակեցնելով հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ իր դիրքորոշումը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում` Ջոն Հեֆերնը մասնավորապես նշել է, որ ինչպես ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ինքը եւս կարգավորման գործընթացի վերամեկնարկի կողմնակից է: Մյուս կողմից, դեսպանի թեկնածուն իր խոսքում հստակեցնում է, թե ումից են մասնավորապես առաջիկա գործողություններն ակնկալվում. «Պետքարտուղար Քլինթոնը հստակ ընդգծել է, որ «գնդակը Թուրքիայի դաշտում է»: Այսինքնՙ Միացյալ Նահանգները հանդես է գալիս առանց նախապայմանների գործընթացը շարունակելուՙ հայկական կողմի դիրքորոշման պաշտպանությամբ: Այս մասին է վկայում նաեւ ԱՄՆ պետքարտուղարի վերջին հայտարարությունն Անկարայում, որով նա Թուրքիային կոչ էր անում բացել հայ-թուրքական սահմանը:
Սենատում Ջոն Հեֆերնը զուգահեռաբար հստակեցրել է նաեւ Վաշինգտոնի մոտեցումը ղարաբաղյան խնդրում. «Նախագահ Օբաման եւ պետքարտուղար Քլինթոնը խորապես ներգրավված են Մինսկի գործընթացում, որը բանակցային գործող միակ ձեւաչափն է: Գործընթացի նպատակը, ինչպես գիտեք, հակամարտության խաղաղ, արդարացի կարգավորումն է: ԱՄՆ-ը համագործակցում է ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահների, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի de facto (հեղ. փաստացի գործող) իշխանությունների հետՙ կարգավորման հասնելու նպատակով»:
Ինչ վերաբերում է Ցեղասպանության խնդրին, ապա դեսպանի թեկնածուն խուսափում է օգտագործել այս եզրույթըՙ 1915թ. դեպքերն անվանելով «սարսափելի կոտորածներ»:
Այսպիսով կարելի է եզրակացնել. ԱՄՆ գերակայությունները մեր տարածաշրջանում շարունակում են մնալ հետեւյալը. հայ-թուրքական սահմանի բացում (առանց Թուրքիայի կողմից նախապայմանների), ղարաբաղյան խնդրի կարգավորում (որը չի կարող անտեսել ԼՂՀ ներկա կարգավիճակը): Իսկ այս ամենի իրականացման համար Միացյալ Նահանգները կշարունակի զինանոցում պահել «Ցեղասպանություն» ձեւակերպման գործածման հնարավորությունը:

No comments: