Saturday, July 2, 2011

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎ ԻՍՐԱՅԵԼԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

«ԱԶԳ», 02-07-2011 - Նախորդ օրն այդ մասին նշել է «Զամանը»: Ըստ թուրքական թերթիՙ Իսրայելի խորհրդարանիՙ Քնեսեթի լիագումար նիստում քննարկվել է «Ազգային միասնություն» կուսակցության պատգամավորներիցՙ Արիե Էլդադի «Ապրիլի 24-ը հայոց ցեղասպանության հիշատակման օր հռչակելու» բանաձեւն օրակարգ մտցնելու առաջարկը: Քննարկումների արդյունքում քվեարկության դրված բանաձեւը 25 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ ընդունվել եւ ներկայացվել է Քնեսեթի կրթության հանձնաժողով:
Զամանը նշում է, որ Էլդադի առաջարկը մինչ այդ քննարկվել էր նախարարներից կազմված օրենսդիր հանձնաժողովում, սակայն մերժվեց: Քնեսեթի լիագումար նիստում Էլդադը դրա առնչությամբ ասել է. «Թուրքիա-Իսրայել հարաբերություններում առկա լարվածության պատճառով գործադիր իշխանությունները անարձագանք էին թողնում ցեղասպանության հայկական պնդումները, չնայած մեր խուսափողական վերաբերմունքին, Թուրքիան վերստին հարձակումների թիրախ դարձրեց Իսրայելին»:
Ի դեպ, Արիե Էլդադի առաջարկը նախատեսում է նաեւ Հայոց ցեղասպանության հարցի ընդգրկումը դպրոցական ծրագրերում:

No comments: