Saturday, July 2, 2011

Սերժ Սարգսյան. Լեռնային Ղարաբաղի խնդրի համար այլ լուծում չկա բացի ինքնորոշման իրավունքից

PanARMENIAN.Net - 1 հուլիսի 2011 - Հայաստանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում հայկական կողմի համար առանցքային, զգայուն այդ հարցի նկատմամբ անփոփոխ է և համահունչ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիրքորոշմանը: Այդ մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է լրագրողներին Կիևում՝ ներկայացնելով հայ-ուկրաինական բանակցությունների արդյունքները: «Մասնավորապես՝ հարցը անհրաժեշտ է լուծել բացառապես խաղաղ միջոցներով, միջազգային իրավունքի և տարրերի ամբողջություն կազմող սկզբունքների հիման վրա, որոնք ուրվագծվել են Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի ղեկավարների համատեղ հայտարարություններում՝ ընդունված 2009թ. հուլիսին Լ՚Աքվիլայում, 2010թ. հունիսին Մուսկոկայում և 2011թ. մայիսին Դովիլում: Մենք նշեցինք այն առանցքային դերը, որ ունեն Մինսկի խմբի համանախագահ երկրները ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում և համաձայնվեցինք, որ նրանց մոտեցումները պետք է հիմք հանդիսանան այդ հարցի վերաբերյալ ցանկացած հայտարարության համար: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հանդիսանում է միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի կրողը: Այդ իրավունքը պետք է կյանքի կոչվի, պետք է լիարժեքորեն իրագործվի. Լեռնային Ղարաբաղի խնդրի համար այլ լուծում չկա»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:

No comments: