Saturday, July 2, 2011

Երեւան-Մեղրի-Իրանի սահման միջպետական ճանապարհի փլվածքի համար հստակեցվել են տեխնիկական լուծումները

News.am. 1-7-2011- Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը հունիսի 30-ին աշխատանքային այցով եղել է Վայոց Ձոր եւ Սյունիքի մարզերում, որտեղ քննարկել է բնածին աղետների` սողանքների, սելաֆների, գետերի վարարումների պատճառով առաջացած վնասվածքների վերականգնման տեխնիկական խնդիրները եւ ֆինանսավորման հնարավորությունները:
Նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւան-Մեղրի-Իրանի սահման միջպետական ճանապարհի` 113-րդ եւ 118 կմ վնասված հատվածների, ինչպես նաեւ Շատին գյուղի ճանապարհի փլվածքի համար հստակեցվել են տեխնիկական լուծումները: Շինարարական աշխատանքները կսկսվեն հաջորդ շաբաթվանից: Մինչ Շատին գյուղի ճանապարհի վերանորոգման աշխատանքները սկսելը մարդկանց անվտանգ երթեւեկությունն ապահովվելու նպատակով տեղադրվել են բազրիքներ:
Սիսիան - Գորիս միջպետական ճանապարհի հատվածի ուսումնասիրության արդյունքում հանձնարարություն է տրվել համապատասխան ստորաբաժանումներին ուսումնասիրել վատ վիճակում գտնվող հատվածների հետագա շահագործման կամ վերականգնման հնարավորությունները:
Նախարար Մ.Վարդանյանի այցի ընթացքում քննարկվել են նաեւ կապալառու կազմակերպությունների կողմից բարձրացված ընթացիկ հարցերը:
Հուլիսի 1-ի դրությամբ արդեն սկսվել են հրատապ հիմնանորոգում պահանջող մի շարք ճանապարհահատվածների վերանորոգման աշխատանքները. մասնավորապես` Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ճանապարհի 365 կմ-ում փլվածքի հետեւանքների վերացում, Երեւան-Սեւան-Իջեւան 105 կմ-ում` ստորին հենապատի վերականգնում, Երեւան-Սեւան-Իջեւան 83+050կմ եւ 96+450 կմ ճանապարհային պատվածքի վերականգնում, Ծաղկաձորի մարզահամալիր 11-րդ կմ-ում սողանքային տեղամասի վերանորոգում, Երեւան-Երասխ-Գորիս-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի 97+250 կմ տեղամասում (Ելփին-Չիվա հատված) գարնանային առատ տեղումների հետեւանքով առաջացած փլվածքի վերանորոգում: Երկու տասնյակից ավելի հրատապ հիմնանորոգում պահանջող ճանապարհահատվածների եւ տրանսպորտային օբյեկտների մեծ մասի վերանորոգման նախագծային աշխատանքներն ավարտված են:

No comments: