Thursday, July 14, 2011

Իրանի ԱԳՆ-ն դժգոհ է Ադրբեջանի պաշտոնյաների` իրանցիների հանդեպ ունեցած վատ վերաբերմունքից

Panorama.am. 14-7-2011- «Ադրբեջանի պաշտոնյաները, շահագործելով իրանցի պաշտոնյաների մեծահոգությունը իրանա-ադրբեջանական սահմանում գտնվող Ասթարայի անցակետում անտրամաբանական վարվելաձև են դրսևորում` նեղացնելով և վիավորելով Իրանի քաղաքացիներին, ինչպես նաև, մուտքի արտոնագիր տրամադրելու կարգը հեշտացնելու պատճառաբանությամբ իրանցիներից կաշառք են պահանջում»:
Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում` նշել է Գիլանում Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Զոլֆողար Ամիր Շահին:
«Սպասում ենք, որ Ադրբեջանի իշխանություններն առանց հապաղելու պետք է այդ վատ աշխատողների գործելաոճի դեմն առնեն, վերոնշյալ խնդիրները անուշադրության մատնելու դեպքում, այն բացասական ազդեցություն կթողնի երկու հարևան պետությունների հարաբերությունների վրա»,-նշել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը:
Նշենք, որ իրանական կայքերը վերջերս հաճախ են անդրադառնում Ադրբեջանի մաքսային և ոստիկանական ծառայությունների վատ աշխատանքին, նշելով, որ Ադրբեջանի մաքսայիններն այդ երկիր այցելող իրանցիների համար խնդիրներ են ստեղծում:
Դեռևս երկու ամիս առաջ իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը խնդրի վերաբերյալ մի նյութ էր հաղորդել էր, որտեղ նշվում էր. «Ադրբեջանի Ասթարայի մաքսատան աշխատակիցները շատ կոպիտ, անհարգալից և նվաստացուցիչ վերաբեմունքի են արժանացնում այդ երկիր այցելող իրանցի զբոսաշրջիկներին: Ադրբեջանցի մաքսայինները նախ զբաղված են լայնատարած դրամաշորթությամբ, այնուհետև Ադրբեջան մուտք գործող իրանցիներին նկարահանում են և վիրավորական վերաբերմունքի արժանացնում: Իրանի ԱԳՆ-ն պետք է արձագանքի իրանցի զբոսաշրջիկների բողոքին»:

No comments: