Thursday, July 14, 2011

Յովանովիչին “բացահայտեցին”

«Լրագիր» 14-7-2011- ԱՄՆ սենատորների առաջ խոսելով Հայաստանում դեսպան նշանակվելու դեպքում իր անելիքի մասին, ԱՄՆ նոր դեսպանի թեկնածու Ջոն Հեֆֆերնը փաստացի բավական հետաքրքրական բացահայտում է արել: Նա խոստովանել է, որ Հայաստանի ներկայիս ներքաղաքական զարգացումներում առկա են նաեւ ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչի ջանքերը:
Հայաստանյան մամուլը ընդդիմության եւ իշխանության երկխոսության գործընթացի հենց սկզբից, փետրվար-մարտից, գրում է, որ այդ երկխոսության միջնորդը ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչն է: ԱՄՆ դեսպանը հերքել է մամուլի այդ տեղեկությունները, սակայն նոր դեսպանի թեկնածուն փաստորեն բացահայտում է, որ այդուհանդերձ Մարի Յովանովիչը ունեցել է մասնակցություն վերջին վեց ամիսների փոփոխություններում:
Հազիվ թե Ջոն Հեֆֆերնը անշրջահայացություն թույլ տված լիներ: ԱՄՆ թերեւս հենց միանգամայն գիտակցված փորձում է շեշտել իր դերը Հայաստանի ներքաղաքական գործընթացում: Ինչո՞ւ: Արդյոք այն պատճառով, որ մտավախություն ունի ներքաղաքական գործընթացի մասնակիցների այդ միջնորդի դերից հրաժարվելու մտադրությունների կապակցությամբ: Եվ արդյոք այդ մտավախությունը պայմանավորված է Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում սեփական դերը պահպանելու ռուսական ջանքերով: Ի վերջո, պետք չէ բացառել, որ Ռուսաստանը Ղարաբաղի հարցում իրեն տոտալ աջակցություն ցուցաբերելու դիմաց կարող է բավական գայթակղիչ առաջարկներ անել թե Հայաստանի իշխանությանը, թե ընդդիմությանը` Հայ ազգային կոնգրեսին:

Իսկ որ երկուսն էլ` թե իշխանությունը, թե Կոնգրեսը հակված են ընդունել այդպիսի առաջարկություններ, թերեւս գաղտնիք չէ. իշխանության պարագայում ամեն ինչ առանց ադ էլ պարզ է դրա ամբողջ գործունեության համատեքստով, իսկ ընդդիմության պարագայում էլ այդ պատրաստակամությունը երեւում է թե Տեր-Պետրոսյանի, թե այլ լիդերների ռուսական մամուլին տված հարցազրույցների բովանդակությունից:

Ընդ որում, չի բացառվում նաեւ, որ Ռուսաստանը կարող է խաղալ ոչ միայն ընդդիմության եւ իշխանության հետ փոխհամաձայնեցված, այլ նաեւ երկակի խաղ` իշխանության եւ ընդդիմության հետ առանձին:

ԱՄՆ թերեւս ունի իրավիճակի բեկման այդ մտավախություններն ու այդ իսկ պատճառով թերեւս փորձում է հաստատել “հեղինակային իրավունքը”, բացահայտել իր միջնորդությունը, խաղալ ավելի բաց խաղաքարտերով, նույնը փորձելով պարտադրել թե ներքաղաքական սուբյեկտներին, թե Ռուսաստանին, եւ փորձելով նրանց զրկել իրեն “գցելու” հնարավորությունից:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: