Friday, July 1, 2011

Իսկ եթե “Սերժիկ, մի հեռացիր”

«Լրագիր» 1-7-2011- Առաջին անգամ չէ, որ ոստիկանության եւ Հայ ազգային կոնգրեսի համակիրների միջեւ տեղի է ունենում բախում, որը փաստացի հրահրում է ոստիկանությունը, պահանջելով, որ Կոնգրեսի ակտիվիստները չբացականչեն “Սերժիկ, հեռացիր”:
Մի քանի օր առաջ դրա համար Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներին տարել էին ոստիկանության բաժին: Ամիսներ առաջ էլ այդպիսի դեպքեր են կարծես թե եղել, անգամ կարծես եղել է դեպք, երբ բարձրաստիճան ոստիկան Ռոբերտ Մելքոնյանը, ում շատերը ճանաչում են Բազազ մականունով, բարձրացել է անգամ Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակ, ու պահանջել հանդես չգալ այդպիսի վանկարկումներով:
Երեկ էլ կարծես թե ընդդիմության երթի ընթացքում ոստիկանությունը փորձել է արգելել, որ վանկարկվի “Սերժիկ, հեռացիր”, ինչի հետեւանքով քաշքշուկ է առաջացել երթի ընթացքում ոստիկանների ու մասնակիցների միջեւ:
Ոստիկանության այդ պահվածքը ինքնին հետաքրքիր է: Եթե ԱՄՆ-ում ասենք մոտենաս միջին վիճակագրական մի քաղաքացու եւ ասես, որ իրեն արգելված է ենթադրենք նախագահ Բարակ Օբամային ասել Բարակիկ, ասենք թե, նա կամ ինքը ուղեղի կաթված կստանա, կամ երեւի կզանգահարի 911, որպեսզի գան եւ ստուգեն քո ուղեղը:
Երեւակայել անգամ դժվար է, որ ասենք ինչ որ մեկը Վաշինգտոնում վանկարկի` “Բարակիկ, հեռացիր”, ու ոստիկանները գան եւ նրան արգելեն դա անել, ասելով` “Կամ Բարակ գոռա, կամ դու հեռացիր այստեղից, կամ արի մեզ հետ բաժին”: Կամ, շատ դժվար է պատկերացնել, որ ասենք Գերմանիայում ինչ որ մեկը կամ մի խումբ կանցլեր Անգելա Մերկելի համար վանկարկի փողոցում “Անգելոչեկ, կամ Անգելկա, հեռացիր”, ու ոստիկանությունը նրան բաժին տանի Անգելոչեկի կամ Անգելկայի համար:
Նույնը դժվար է պատկերացնել ասենք Ֆրանսիայում: Օրինակ, Նիկոլյա Սարկոզին քաղաքացիների հետ շփվելիս արժանացավ քաշքշոցի, որին նրան ենթարկեց մի քաղաքացի, ով հետո պարզվեց, որ այդպիսով փորձել է բողոքել Լիբիայում ռազմանական գործողությունների դեմ: Բնական է, ոստիկաններն անմիջապես փորձեցին վնասազերծել նախագահին քաշքշած անձնավորությանը, բայց, օրինակ, ոչ ոք հետո նրան չքաշքշեց ու սպանեց: Իսկ մեզ մոտ եղել է այդպիսի դեպք, երբ Ռոբերտ Քոչարյանին ընդամենը անբռնազբոս բարեւած անձնավորությանը թիկնազորը սրճարանի զուգարանում մահացու քաշքշոցի ենթարկեց, որի հետեւանքով մարդն այլեւս ողջ չէ:

Ի դեպ, Սարկոզին դատական հայց չի ներկայացրել իրեն քաշքշողի դեմ, թեեւ իհարկե կարող էր, ասենք, բարոյական փոխհատուցում պահանջել: Չէ որ ի տես ամբողջ աշխարհի ինչ որ մեկը բռնում եւ նախագահին քաշում է, նրան դնելով նույնիսկ ծիծաղելի վիճակում: Բայց Ֆրանսիայի նախագահը բարոյական փոխհատուցում եւ անգամ իրեն սպառնալու համար դատական հայց չի ներկայացնում, բողոք չի ներկայացնում այդ մարդու դեմ: Եվ այստեղ էլ, Հայաստանի իրականության հետ տարբերությունը ցցուն է, որովհետեւ այստեղ թեկուզ նախկին, բայց նախագահ կարգավիճակ կրող մարդը դատական հայցեր է ներկայացնում թերթերի դեմ եւ ներկայացնում միլիոնավոր դրամների պահանջներ, որոնք էլ բավարարվում են:
Մտածողության, արժեհամակարգերի, աշխարհայացքների տարբերություն է: Երեւի թե ոչինչ անել չես կարող, քանի դեռ այդ տարբերությունը կա, քանի դեռ մեր իրականության ներքին բովանդակությունը մինչեւ ուղն ու ծուծը հակառակ է եվրոպականին, համաշխարհայինին, քաղաքակրթականին:
Բացարձակապես նշանակություն չունի` Սերժ Սարգսյանի պաշտոնական անունը Սերժ է, թե Սերժիկ: Ենթադրենք Սերժ է: Ոստիկանությունը թերեւս պետք է պաշտոնապես բացատրություն տա, հայտարարությամբ հանդես գա, ինչ որ մի պետական մարմին պետք է սահմանի, ասենք ԱԺ-ն օրենք ընդունի, որ Սերժիկ արտահայտությունը վիրավորանք պարունակող արտահայտություն է: Որովհետեւ, օրինակ շատերը երեւի թե համոզված են, որ Սերժիկը դա Սերժի փաղաքշական ձեւն է ընդամենը: Իհարկե, մեր իրականության մեջ հաճախ փաղաքշական ձեւն օգտագործվում է դիմացինին իջեցնելու նպատակով` “դեռ երեխա ես” իմաստով:
Բայց, պատկերացնո՞ւմ եք, թե ինչի մեջ է ոստիկանությունը ներքաշում Սերժ Սարգսյանին: Փաստորեն անուղղակիորեն Սերժ Սարգսյանը ներքաշվում է Կոնգրեսի ակտիվիստ երիտասարդների հետ մի վեճի մեջ, որտեղ նրանց փորձում է ապացուցել, որ ինքը “երեխա չէ”: Դե հիմա համեմատենք Նիկոլյա Սարկոզիի պահվածքը քաշքշոցի դեպքից հետո, եւ Սերժ Սարգսյանի պահվածքը, թեկուզ անուղղակի` ոստիկանության միջոցով: Ի դեպ, Սարկոզին պատրաստվում է առաջիկա ամիսներին այցելել Հայաստան, եւ թերեւս վատ չէր լինի, որ կարեւորագույն քաղաքական քննարկումներից բացի Հայաստանի իշխանության հետ նա նաեւ քաղաքակրթական քննարկումներ կազմակերպեր:
Ընդ որում, խոսքը այստեղ նույնիսկ ուղղակիի մասին է, որովհետեւ շաբաթներ առաջ Սերժ Սարգսյանը ոստիկանությունում հայտարարեց, որ համակարգը բարեփոխվելու է եւ այդ գործընթացը լինելու է իր ամենօրյա ուշադրության կենտրոնում: Հետեւաբար, ոստիկանության ամենօրյա աշխատանքի դրվագների համար ուղղակի պատասխանատվություն կրում է Սերժ Սարգսյանը: Նա ինքն է փաստացի ստանձնել այդ պատասխանատվությունը: Եվ որեւէ մեկի համար գաղտնիք չկա թերեւս, որ եթե Սերժ Սարգսյանը այդ ոստիկաններին հրահանգի, որ “Սերժիկ, հեռացիր” արտահայտության համար պետք չէ աղմուկ եւ բախում առաջացնել, անհարմար վիճակի մեջ դնելով առաջին հերթին իրեն, ապա ոստիկանները հաջորդ պահից իսկ կդադարեն ագրեսիվ գործողությունների դիմել Սերժիկ արտահայտությունը լսելիս:

Վերջին հաշվով, զուտ ֆորմալ առումով դա փաղաքաշական ձեւ է, եւ իրավական տեսանկյունից` իսկ ոստիկանությունը թերեւս պետք է մնա իրավունքի, ոչ թե մեկնաբանությունների ոլորտում, անհեթեթություն է դատապարտելի համարել որեւէ անվան փաղաքշական ձեւ: Ավելին, նույնիսկ երեւի թե պետք է ոստիկանները ուրախ լինեն, որ ընդդիմադիր երիտասարդները փաղաքուշ ձեւով են դիմում նախագահին ու պահանջում հեռանալ:

Ու, ի դեպ, ինչ կանի ոստիկանությունը, եթե ասենք երիտասարդները վանկարկեն ոչ թե “Սերժիկ, հեռացիր”, այլ ասենք` “Սերժիկ, մի հեռացիր” կամ “Սերժիկ, մնա”: Շատ մեծ է հավանականությունը, որ ոստիկանությունն աշխատանքի առաջարկ անի այդպիսի վանկարկումների հեղինակներին:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: