Saturday, July 30, 2011

Էրդողանի ճղճղոցը ծիծաղ է առաջացնում. ԼՂ նախկին արտգործնախարար

Tert.am. 29-7-2011- Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը Թուրքիայի հայտարարությունները՝ նախագահ Սարգսյանի ծաղկաձորյան հայտարարության վերաբերյալ ճղճղան աղաղակներ անվանեց։
«Էրդողանի պահվածքը բավականին զավեշտալի է, և առկա այն քաղաքական իրավիճակը, որում հայտնվել է Թուրքիան, նման քայլերը տրամաբանական են, բայց այդ ճղճղան աղաղակները ավելի շատ ծիծաղ են առաջացնում»,– հայտարարեց նա։
Ըստ նախկին դիվանագետի՝ թե Արևմտյան Հայաստանի, թե Ցեղասպանության խնդիրները մեր ազգային օրակարգում կմնան այնքան ժամանակ, քանի դեռ դրանք լուծում չեն ստացել։
Հիշեցնենք, որ Ծաղկաձորում հուլիսի 23-ին Սերժ Սարգսյանը պատասխանել էր Հայոց լեզվի, գրականության և հայագիտական գիտելիքների համահայկական 5-րդ օլիմպիադայի մասնակիցներին հետաքրքրող հարցերին:
Ի պատասխան մասնակիցներից մեկի այն հարցին, թե «…Մեզ սպասվում է ապագա, որը հիշեցնելու է Բաթումի պայմանագի՞րը, որի ժամանակ մի գերմանացի դիվանագետի վկայությամբ՝ մեզ Սևանում լողանալու տեղ թողեցին, սակայն չորանալու տեղ չթողեցին, թե՞ ապագա, որը մեզ կվերադարձնի Արևմտյան Հայաստանը` Արարատով հանդերձ», Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Այդ ամբողջը կախված է քեզնից և քո սերնդից: Իմ սերունդը, կարծում եմ, իր առջև դրած պարտականությունը կատարեց, երբ 90-ական թվականների սկզբներին անհրաժեշտ էր մեր հայրենիքի հատվածներից մեկը` Ղարաբաղը պաշտպանել թշնամիներից, մենք կարողացանք դա անել: Եվ ես սա ասում եմ ոչ նրա համար, որ որևէ մեկին կշտամբեմ: Ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր սերունդ իր պարտականությունն ունի, և այդ պարտականությունը պետք է կարողանա կատարել ու՝ լավ կատարել: Եթե դու և քո հասակակիցները ջանք ու եռանդ չխնայեք, եթե ձեզնից ավագներն ու ձեզնից կրտսերները ձեզ նման վարվեն՝ մենք ունենալու ենք աշխարհի լավագույն երկրներից մեկը:
Հավատա, որ շատ դեպքերում հողի չափերով չէ երկրի կշիռը որոշվում. երկիրը պետք է լինի ժամանակակից, երկիրը պետք է լինի անվտանգ, լինի բարեկեցիկ, և սրանք այն պայմաններն են, որոնք հնարավորություն են տալիս ցանկացած ժողովրդի նստել աշխարհի հայտնի, ուժեղ, ճանաչված ժողովուրդների կողքին: Բոլորս մեր պարտքը պետք է կատարենք, բոլորս պետք է լինենք ակտիվ, պետք է լինենք աշխատասեր, կարողանանք բարիք ստեղծել: Իսկ մենք դրան կարող ենք հասնել, շատ հանգիստ կարող ենք հասնել, և մեկ անգամ չէ, որ պատմության ընթացքում հասել ենք դրան: Ես դրանում չեմ կասկածում և ուզում եմ, որպեսզի դու էլ չկասկածես: Մենք մի ժողովուրդ ենք, որ, այո՛, փյունիկի պես միշտ հառնում ենք»:
Նախագահի այս հայտարարությունն իսկական իրարանցում էր առաջացրել Թուրքիայում։ Վարչապետ Էրդողանը նույնիսկ դա սադրանք որակեց և հայտարարեց, թե Սերժ Սարգսյանը ներողություն պետք է խնդրի։

No comments: