Saturday, July 30, 2011

«Ազադլիգ». Ալիևները կորցրել են ԱՄՆ-ում իրենց լոբբիստական հենարանը

Panorama.am. 29-7-2011- Վաշինգտոնում «Թուրան»-ի աղբյուրը հայտնել է, որ Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի բռնապետերին թիրախ դարձրած արաբական հեղափոխությունների ալիքը Ադրբեջանի իշխանությանը ստիպել է հետ կանգնել Վաշինգտոնում լոբբի պահելու քաղաքականությունից: Այս մասին գրում է «Ազադլիգը»: «Խնդիրն այն է, որ Ադրբեջանի իշխանավորները հենց սկզբից սխալ են հասկացել լոբբիզմի էությունը: Մեր գործունեությունն ուղղված է ոչ թե վարչակարգերի, այլ երկրների ժողովուրդների շահերի պաշտպանությանը»,- նշել է աղբյուրը:
«Ազադլիգ»-ին հայտնի է դարձել, որ Եգիպտոսի առաջնորդ Մուբարաքի վարչակարգի համար ԱՄՆ-ում լոբբիզմ իրականացնող Լուիզիանայի նախկին կոնգրեսական Բոբ Լիվինգսթոնի գլխավորած The Livingston Group լոբբիստական գրասենյակը, որը 2009 թ-ից սկսած` մի քանի անգամ լոբբիզմի պայմանագրեր է կնքել Ադրբեջանի ղեկավարության հետ, այլև չի համագործակցում պաշտոնական Բաքվի հետ, որովհետև Ադրբեջանի իշխանությունն այլևս դադարել է վճարել նրանց: ԱՄՆ արդարադատության նախարարության փաստաթղթերի համաձայն` վերջին ամիսներին Ադրբեջանի իշխանությունը երկարատև լոբբիստական պայմանագիր է կնքել Վաշինգտոնում գործող Patton Boggs ընկերության հետ` վճարելով տարեկան մոտ 400 հազար դոլար, այն դեպքում, երբ 2008-2009 թթ-երին Բաքուն ԱՄՆ-ում լոբբիզմի վրա տարեկան 1,3 մլն դոլար էր ծախսում: «Բաքվում, հավանաբար, արդեն հասկացել են, որ վարչակարգի օգտին լոբբիզմ իրականացնել հնարավոր չէ»,- հայտնել է աղբյուրը:
«Նախկինում The Livingston Group-ի ծառայությունից Ադրբեջանն ավելի շատ օգտվել է հանուն իշխող ընտանիքի շահերի` նախկին նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան օրը ԱՄՆ քաղաքներում նշելու, նախկին վարչապետ Ֆարհադ Ալիևի և նրա եղբորը բանտից ազատելու վերաբերյալ Կոնգրեսում հնչած կոչերը թաքցնելու և նմանատիպ այլ նպատակներով»,- գրում է «Ազադլիգը»:

No comments: