Thursday, July 14, 2011

ԻԻՀ նախագահ. «Իրանի անկախության և փառքի հիմքում ընկած է նաև Արևելյան Ազարբայջանի բնակչության անձնազոհությունը»

Panorama.am. 14-7-2011- «Այսօրվա Իրանի անկախության և փառքի հիմքում ընկած է նաև Արևելյան Ազարբայջանի բնակչության անձնազոհությունը և նվիրվածությունը»:
Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ` այսօր Արևելյան Ազարբայջան նահանգ կատարած հերթական նահանգային այցի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
Իրանի նախագահը, Արևելյան Ազարբայջանում մասնակցելով մի շարք արդյունաբերական և արտադրական նախագծերի բացման արարողությանը, նշել է. «Աստծուն շնոհրակալ եմ, ևս մեկ անգամ Ազարբայջան այցելելու և այդ շրջանի մարդկանց նվիրվածությանն արժանանալու համար: Աստծուն շնորհակալ եմ, որ Իրանի ժողովուրդը և նրա առջև կանգնած Ազարբայջանի բնակաչությունը նվիրված են և սիրում են իմամին և իմամի երազանքների և իղձերի իրականացման ճանապարհի առաջամարտիկն են»:
Նշենք, որ վերջին վեց տարում, սա Իրանի նախագահի` Արևելյան Ազարբայջան կատարած 7-րդ նահանգային այցելությունն էր:
Հիշեցնենք, որ ս.թ.հուլիսի 11-ին արդյունաբերական 4 նախագիծ է շահագործման հանձնելու նպատակով ԻԻՀ նախագահն այցելել էր Արևմտյան Ազարբայջան նահանգ:
Նկատենք, որ Իրանի հյուսիսային նահանգները (Արևմտյան Ազարբայջան, Արևելյան Ազարբայջան, Արդաբիլ) մեծամասամբ բնակեցված են հին իրանական ազերի բնակչությամբ, որոնք որոշակի պատմական հանգամանքներից ելնելով, (սկսած 12-13-րդ դդ.) խոսում են թյուրքական բարբառներով:

No comments: