Saturday, July 16, 2011

Հ. Բաբուխանյան. «Ղարաբաղյան նոր պատերազմից միակ շահող կողմը կլինի Հայաստանը»

Panorama.am. 15-7-2011- «ԼՂ կարգավորման գործընթացում դեպքերի էսկալացիա է ընթանում: Գործընթացը ստանում է նոր իմպուլսներ և՛ Ռուսաստանից և՛ այլ համանախագահող երկրներից: Կարծում եմ, դա մի շարք գործոններով է պայմանավորված: Մեր տարածաշրջանում գոյություն ունեցող փականը պետք է բացել: Դրանում շահագրգռված են բազմաթիվ երկրներ: Եթե ԱՄՆ-ն և Եվրոպան ձգտում են ճանապարհներ ստանալ կասպյան նավթը տեղափոխելու համար, ապա Ռուսաստանը խնդիր ունի հայ-թուրքական սահմանը բացելու, որպեսզի մտնի թուրքական էներգետիկ շուկա: Պատահական չէ, որ Ռուսաստանը մեր երկրում ստեղծել է հզոր էներգետիկ հանգույց», - այսօր անդրադառնալով տարածաշրջանային քաղաքական գործընթացներին` լրագրողների հետ զրույցում ասաց «Սահմանարական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը:
«Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, որը սերտորեն կապված է ԼՂ խնդրի հետ, ապա Թուրքիան կորցրեց Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու իր «ոսկե շանսը»: Հիմա ժամանակն է, որ Հայաստանը Թուրքիայի առաջ դնի իր նախապայմանները` դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար», - նշեց բանախոսը:
«Նախապայմանները հետևյալն են. Ցեղասպանության ճանաչում, հայ ժողովրդի օրինական իրավունքների վերականգնում, Թուրքիայի կողմից բռնազավթված տարածքներում հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության վերականգնում: Այս խնդիրները պետք է լինեն որպես նախապայման, այլապես Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ որևէ քայլ չպետք է անի», - ասաց Հ. Բաբուխանյանը:
Այնուհետև ավելացրեց. «Քանի դեռ Թուրքիայում և Ադրբեջանում իշխանության ղեկին են գտնվում ռասիստական ուժերը, հնարավոր չէ հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական կարգավորում»:
Խոսելով Ղարաբաղյան նոր պատերազմի հնարավորության մասին, Հ. Բաբուխանյանն ասաց, որ դրանից միակ շահող կողմը կլինի Հայաստանը: «Մենք կազատագրենք Նախիջևանը, մենք չենք կրկնի այն սխալը, որը եղավ Արցախյան պատերազմի ժամանակ: Մենք կկարողանանք ինքներս շրջափակել Ադրբեջանը` ընդհատելով նրա երկաթգծային կապը Վրաստանի հետ և Բաքու-Ջեյհան նավթատարը», - նշեց նա:

No comments: