Monday, August 8, 2011

Ադրբեջանի նավթային ընկերությունը կարող է 18 միլիարդ դոլար կորցնել

News.am. 8-8-2011- Ադրբեջանի Նավթային պետական ընկերությունը կարող է կորցնել 18 միլիարդ դոլար, կապված համաշխարհային բորսաներում նավթի գնի անկման հետ:
Օգոստոսի 4-ից համաշխարհային բորսաներում ինդեքսներն արագորեն անկում են ապրում, եւ փողի ինքնարժեքն ընկնում է: ԱՄՆ-ի բորսաներում նավթի գինը վերջին շաբաթվա ընթացքում միջին հաշվով ընկել է 10 տոկոսով:
Ադրբեջանի ավելի քան 30 միլիարդ դոլարի հասնող արտարժութային եկամտի 18 միլիարդը բաժին է ընկնում Նավթային պետական ընկերությանը, հաղորդում է ադրբեջանական «Մուսավաթ» գործակալությունը` հավելելով, որ նավթային պետական ընկերության ֆինանսական միջոցների 40 տոկոսը եվրոյով ներառված են Եվրոպայում բարձր վարկային ցուցանիշ ունեցող բանկնոտների մեջ, իսկ մնացած գումարը ԱՄՆ դոլարի է վերածված: Աղբյուրը հայտնում է, որ լուրջ վտանգ կա, որ Ադրբեջանի նավթային փողերի մի մասը կորստի կմատնվի:
Բացի այդ, աղբյուրի հաղորդմամբ, նավթային փողերը լուրջ վտանգի կենթարկվեն նաեւ ապագայում, քանի որ Ադրբեջանում նավթային «բումի» վերջը մոտ է: Մոտ 18 ամիս հետո Ադրբեջանում նավթային հանույթների ծավալները կտրուկ իջնելու են: Այդ գործընթացն արդեն սկսվել է. վերջին մեկ տարվա մեջ հանույթի ծավալները 5,1 տոկոսով նվազել են: Մինչդեռ, ադրբեջանական բյուջեի եկամուտների 70-75 տոկոսը կազմվում է նավթային եկամուտների հաշվին, իսկ ներկայումս սկսված ճգնաժամի հետեւանքով Նավթային ֆոնդն իր ակտիվները կորցնելու իրական վտանգի առաջ է կանգնած, եզրակացնում է «Մուսավաթը»:

No comments: