Monday, August 8, 2011

Մեդվեդևը փորձելու է վերաբեռնել ԼՂ կարգավորման գործընթացը. «Մոսկովսկիյե նովոստի»

Tert.am. 8-8-2011- Օգոստոսի 9-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Սոչիում հանդիպում է ունենալու իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպմանը Մեդվեդևը փորձելու է վերաբեռնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը։ Այս մասին գրում է «Մոսկովսկիյե նովոստի» թերթը։
«Երեքշաբթի Դմիտրի Մեդվեդևը հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման հիմնական թեման է լինելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը։ Եթե բանակցությունները նորմալ ընթանան, հաջորդ քայլը, հավանաբար, դառնալու է Մեդվեդևի հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որին էլ կհաջորդի եռակողմ ձևաչափով հանդիպումը»,– գրում է պարբերականը։
Անդրադառնալով հունիսին Կազանում Մեդվեդևի, Սարգսյանի և Ալիևի միջև տեղի ունեցած հանդիպմանը, «Մոսկովսկիյե նովոստին», վկայակոչելով իր անանուն աղբյուրները գրում է. «Կազանում տեղի ունեցած հանդիպման ձախողումը բացատրվում է նրանով, որ հայ և ռուս դիվանագետները գերագնահատեցին քաղաքական զիջումների ծավալը, որին կարող էր գնալ Բաքուն։ Իսկ Մեդվեդևը ստիպված եղավ հրատապ կերպով ուղղել իր ենթակաների սխալները։ Նա Սարգսյանին և Ալիևին նամակ ուղարկեց, որում ներկայացված է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման իր տեսլականը»,– գրում է թերթը՝ նշելով, թե Մեդվեդևը նմակը գրելիս հաշվի է առել ադրբեջանական կողմի որոշ դիտարկումներ։
«Եվ հենց դա էր պատճառը, որ նամակին առաջինն արձագանքեց Բաքուն։ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հուլիսին ժամանեց Մոսկվա և Սերգեյ Լավրովին փոխանցեց Ալիևի պատասխանը։ Ավելի ուշ Մեդվեդևին պատասխանեց նաև հայկական կողմը»,– գրում է «Մոսկովսկիյե նովոստին»՝ որոշ հատվածներ մեջբերելով քաղաքագետ Ալեքսեյ Վլասովի հետ հարցազրույցից։
«Մոսկվայի պետական համալսարանի Հետխորհրդային տարածքում հասարակական-քաղաքական գործընթացների հետազոտման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Վլասովը, վկայակոչելով անանուն աղբյուրներ, ասում է, թե ադրբեջանական կողմը համաձայնել է Մեդվեդևի նամակում տեղ գտած դրույթներին։ Սակայն, թե ինչ է պատասխանել Սերժ Սարգսյանը, առայժմ հայտնի չէ։ Վլասովի կարծիքով՝ հենց դա է պատճառը, որ ՌԴ նախագահը որոշել է առաջինը հանդիպել ոչ թե Սարգսյանի, այլ՝ Ալիևի հետ։ Քաղաքագետի խոսքով՝ նասխագահների միջև հերթական եռակողմ հանդիպում տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ Մոսկվան երաշխիքներ ստանա, որ հակամարտող կողմերը պատրաստ են ստորագրել այն փաստաթուղթը, որի ստորագրումը նախատեսվում էր դեռևս Կազանում»,– գրում է թերթը։

No comments: