Monday, August 8, 2011

Ով է մոտեցրել նոր պատերազմը

Քաղաքագետ Իգոր Մուրադյանին խնդրեցինք մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի առաջիկա այցը Սոչի, որտեղ նա հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին: Ի՞նչ կարելի է սպասել այդ հանդիպումից:
- Արեւմտյան հանրությունը, նախեւառաջ ԱՄՆ Ռուսաստանին ազատության որոշակի աստիճան էին տվել ղարաբաղյան կարգավորման ռեժիմում: Արդյունքում, հասել են նպատակին` ոչ մի կարգավորման մասին չի կարող խոսք լինել, իսկ Ռուսաստանը ցուցադրեց իր լիակատար անկարողությունը` գործադրելու առկա լծակները: Վերջերս Մոսկվայում, բավական լուրջ շրջանակներում հարց է տրվել` “եթե ամերիկացիները աջակցում են Մեդվեդեւին, ինչո՞ւ չեն այդ դեպքում թաքցնում իրենց ուրախությունը, Ռուսաստանի փորձերի ձախողման կապակցությամբ”: Այսպես դատում են նրանք, ովքեր կարծես թե խորհրդատվություն են մատուցում նախագահի աշխատակազմին Հարավային Կովկասի եւ այլ տարածաշրջանների հարցերով: Եւ սա ռուսական իստեբլիշմենտն է, կամ ծառայություն իստեբլիշմենտի համար:
Խնդիրը ներկայում այնքան ծաղրը չէ, որ հնչում է ՌԴ նախագահի հասցեին, որքան ԱՄՆ եւ Ֆրանսիայի մտադրությունները` վերանայել հակամարտությունների կարգավորման մեխանիզմները տվյալ տարածաշրջանում, ինչը ենթադրում է Ռուսաստանի դերի չեզոքացում, եւ այդ հարցերում նրա առաջնորդող դերի չեզոքացում: Դա հարված է Մեդվեդեւի ինքնասիրությանը եւ անձնական հեղինակությանը, ով հավատացել էր, թե ամերիկացիներն այնքան են համակրում իրեն, որ կզիջեն իրենց դիրքերը տարածաշրջանում: Այդ պատճառով էլ, Մոսկվայում պատրանքներ են առաջանում, որ հնարավոր է “պարտության խաղարկում”, ինչը թերեւս կապված է այն հույսի հետ, որ հնարավոր է համոզել Ադրբեջանին Մեդվեդեւի “դեմքը պահպանելու” անհրաժեշտության մեջ: Ընդ որում, նաեւ որոշ սպառնալիքներ են կիրառվում, այն հաշվարկով, որ Հայաստանը Մոսկվայի իշխանության մեջ պատահական մարդկանց բարեկեցության համար հերթական անգամ պետք է վճարի արյամբ:

ԱՄՆ, ամենայն հավանականությամբ, ավարտել է “դադարը” եւ վերադարձել նախկին ծրագրերին` Հարավային Կովկասը սեփական ռազմավարությանը ներգրավելու ուղղությամբ, եւ տարածաշրջանում առաջացել է “երրորդ ուժի” հեռանկարը, որպես ռուս-թուրքական սպասվող դաշինքի այլընտրանք: Ընդ որում, բաժանվել են գործառույթները, որոնք տրվել են Հարավային Կովկասի նոր եւ նորագույն պետություններին. Վրաստանին` բացառապես տրանզիտի եւ Ռուսաստանին զսպելու գործառույթ, Հայաստանին` տարածաշրջանում հավասարակշռողի եւ Թուրքիային զսպելու գործառույթ, Ադրբեջանին` “երկրորդային բազավորման” գործառույթ, իսկ Աբխազիային, հարավային Օսիային ու Լեռնային Ղարաբաղին` տարածաշրջանում Ռուսաստանի ու Թուրքիայի ջանքերը շրջափակելու խնդիրներ:

Երբ Բրիտանացիները ցանկանում են բնորոշել ամերիկացիների քաղաքական-ինտելեկտուալ ընդունակությունները, ասում են` “ամերիկացիները պարզ մարդիկ են”: Իրականում, այդ ծրագիրը ոչ միայն պարզ ու ակնհայտ է, այլեւ ինքն է “լողում” դեպի նախագծողները: ԱՄՆ ներկայում ծավալել է բավական ակտիվ աշխատանք Ադրբեջանը կլանելու ուղղությամբ, ինչը ենթադրում է նրա հեռացումը ոչ միայն Ռուսաստանից, այլեւ Թուրքիայից:

Ինչ է մնում Ռուսաստանին` կառչել հույսի վերջին նշույլից: Ադրբեջանի վրա ազդեցությունն ուժեղացնելու համար Հայաստանի շահերը հանձնելու եռամյա այս հիմար եւ ծիծաղելի խաղից հետո մնում է միայն ամերիկացիներին ապացուցել, որ Ռուսաստանը, տապալելով քաղաքական խաղերը, ընդունակ է գոնե կանխել պատերազմը: Ինչ է պետք դրա համար` շարունակել նվաստանա՞լ Ադրբեջանի առջեւ, թե մատակարարել եւս երկու S-300 դիվիզիոն. ստիպված են որոշել:

Հարց է առաջանում` ո՞վ է ավելի շատ մոտեցրել ղարաբաղյան երկրորդ պատերազմը` ԱՄՆ, թե Ռուսաստանը: Հայաստանի ղեկավարության ձեռքին կարեւոր հաղթաթուղթ եւ խաղին մասնակցելու հույս է հայտնվում, այն է` դիտակցաբար ընդունել պատերազմի հեռանկարը, ասել է Իգոր Մուրադյանը:

No comments: