Thursday, August 11, 2011

Բաքուն կեղծ լուրեր է տարածում «Եվրատեսիլ 2012»-ին Հայաստանի մասնակցության մասին

Tert.am.11-8-2011- Ադրբեջանում կայանալիք «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթին Հայաստանի մասնակցության հարցն առայժմ քննարկումների փուլում է։ Այս մասին tert.am-ի հետ զրույցում ասաց «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը։
Նշենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություն են տարածել, թե հաջորդ տարի Բաքվում կայանալիք համաեվրոպական երգի մրցույթին իրենց մասնակցությունն արդեն հաստատել է 22 երկիր, այդ թվում` Հայաստանը։
«Նման բան չկա: Նույնիսկ այն երկրների ցանկը, որոնք ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների վկայակոչման, հաստատել են իրենց մասնակցությունը, իրական չէ: Այդպիսի պաշտոնական տեղեկություն չկա, այդ ամենն արվում է Բաքվի սեփական նախաձեռնությամբ` մրցույթի նկատմամբ մեծ հետաքրքրություն առաջացնելու նպատակով»,- ասաց Գասպարյանը:
Գոհար Գասպարյանը հավելեց, որ Ադրբեջանում կայանալիք համաեվրոպական ստուգատեսին Հայաստանի մասնակցության հարցն առայժմ քննարկումների փուլում է. «Այդ բանակցությունները կտևեն մի քանի ամիս: Հիմա որևէ բան հստակ չէ»,- պարզաբանեց հայաստանյան պատվիրակության ղեկավարը` չմանրամասնելով, թե կոնկրետ ու՞մ հետ են բանակցում մեր պատասխանատուները:

No comments: