Monday, August 8, 2011

Հայաստանի արտահանումն աճել է 33,8%

News.am. 8-8-2011- 2011թ. առաջին կիսամյակում Հայաստանի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 33,8%, իսկ ներմուծումն աճել է 10,1%: Սակայն ներմուծումը 3,23 անգամ գերազանցում է արտահանումը: Բացասական սալդոն նույնիսկ աճել է` $1,30 միլիարդից մինչեւ $1,33 միլիարդ:
ՀՀ Պետեկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն արտահանման բարձր ցուցանիշն ապահովել է պղնձի հանքանյութի եւ խտանյութի արտահանման 34,7% աճը: Ընդհանուր արտահանման մեջ պղնձի հանքանյութի եւ խտանյութի տեսակարար կշիռը հասել է 21,8%-ի:
Երկրորդ տեղում «չռաֆինացված պղինձ, էլեկտրոլիտիկ ռաֆինացման պղնձե անոդներ» կետն է. արտահանման աճը կազմել է 39,4%, իսկ ընդհանուր արտահանման մեջ մասնաբաժինը հասել է 10,0%-ի:
Երրորդ տեղում ոգելից խմիչքներն են` հիմնականում, կոնյակ եւ խաղողի գինի: Արտահանումն աճել է 34,9%, իսկ ընդհանուր արտահանման մեջ մասնաբաժինը հասել է 7,7%-ի:
Ընդամենը 10 ապրանքային խմբերն ապահովել են արտահանման 78,9%-ը, ինչը խնդրահարույց է:
Ներմուծման մեջ 10 ապրանքային խմբերն ապահովել են միայն 38,5%-ը: Ներմուծման խոշորագույն խումբը «բնական եւ հեղուկ գազն է»: Դրա ներմուծումն ավելացել է 16,6%: Բնական գազի 1/3-րդը սպառվում է տնային տնտեսություններում:

Երկրորդ տեղում են նավթամթերքները, հիմնականում, բենզին եւ դիզվառելիք, որոնց մասնաբաժինը ընթացիկ տարվա առաջին կիսամյակում հասել է ներմուծման 8,5%-ի:

Այսպիսով, Հայաստանի ներմուծման մոտ 25%-ը կազմում են էներգակիրները, ինչը մեծացնում է Հայաստանի արտաքին առեւտրի դիսբալանսը:

No comments: