Monday, August 8, 2011

Հայաստանի բասկետբոլի պատանեկան հավաքականը գրավեց 6-րդ տեղը

Մակեդոնիայում ավարտված Եվրոպայի մինչև 16 տարեկանների «Բ» խմբի առաջնությունում Հայաստանի բասկետբոլիստները հասան աննախադեպ հաջողության: Մեր ընտրանին խմբային փուլում պարտության մատնեց Սլովակիայի (76:52), Իռլանդիայի (71:59) և Շվեյցարիայի (81:63) հավաքականներին, զիջեց շվեդներին (79:85) և հունգարացիներին (58:78):
Կիսաեզրափակիչ տանող ճանապարհին մեր պատանիները նախ պարտվեցին Բոսնիայի իրենց հասակակիցներին (73:83), ապա հաղթանակով ավարտեցին Իսրայելի թիմի հետ հանդիպումը (76:72) և միայն լրացուցիչ ցուցանիշներով չհայտնվեցին լավագույն քառյակում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը:
Մեր հավաքականը 5-8-րդ տեղերի համար պայքարում ևս տարավ մեկ հաղթանակ ու կրեց մեկ պարտություն: Նախ առավելության հասավ Հոլանդիայի ուժեղ ընտրանու նկատմամբ (85:71), այնուհետև երկրորդ կազմով զիջեց Հունգարիայի թիմին (52:65):
Այսպիսով` մեր ընտրանին 22 երկրների հավաքականների հետ պայքարում գրավեց 6-րդ տեղը: Թիմի անդամներից առավել աչքի ընկան Սերգեյ Պողոսյանը, Արկադի Մկրտչյանը, Արտյոմ Թավաքալյանը, Սերգեյ Պոլուխինը և Ռոման Կոնստանտինովը:

No comments: