Saturday, August 13, 2011

ԼՂՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար. Միջազգային հանրությունը պետք է ճանաչի ԼՂՀ փաստացի անկախությունը

News.am. 12-8-2011- ԼՂՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանն օգոստոսի 11-ին ընդունել է նախկին ԽՍՀՄ եւ Եվրոպայի 10 երկրներից ժամանած ուսանողների խմբին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Ողջունելով հյուրերին, Աթաջանյանը նշել է տարբեր երկրների երիտասարդների ԼՂՀ այցելելու կարեւորությունը` տեղում Ղարաբաղում տիրող իրական վիճակին ծանոթանալու առումով:
Հյուրերի խնդրանքով, Աթաջանյանը ներկայացրել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության նախապատմությունը, երբ Բաքվի մեղքով Արցախի ժողովրդի արդար պահանջները դուրս մղվեցին իրավական հարթությունից եւ մղվեցին ռազմական հակամարտության հարթություն:
Նա ընդգծել է ԼՂՀ-ից Ադրբեջանի տարածքային պահանջների անհիմն լինելն ինչպես պատմական, այնպես էլ` իրավական առումներով: Միջազգային հանրությունը, նրա խոսքով, պետք է ճանաչի ԼՂՀ փաստացի անկախությունը:
Աթաջանյանը եւս մեկ անգամ ընդգծել է, որ ԼՂՀ-ն հավատարիմ է խնդրի կարգավորման խաղաղ ճանապարհին, հավելելով, որ բանակցային գործընթացում իրական առաջընթաց կարող է լինել միայն այն դեպքում, երբ բանակցություններին մասնակցի դրա հիմնական կողմերից մեկը` Լեռնային Ղարաբաղը:

No comments: