Saturday, August 13, 2011

Ադրբեջանում իսլամիստների որս է սկսվել

Tert.am. 12-8-2011- Ադրբեջանում իսլամիստների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել։
Ինչպես տեղեկացնում է Turan գործակալությունը, երեկ քաղաքացիական համազգեստով անձինք ներխուժել են Ադրբեջանի Իսլամական կուսակցության փոխնախագահ Արիֆ Գանիևի տուն, ձերբակալել նրան ու նրա որդուն՝ Յաշարին, բռնի ուժով նստեցրել ավտոմեքենան և տարել անհայտ ուղղությամբ։
Ավելի ուշ Արիֆ Գանիևի հարազատները նրան հայտնաբերել են Ազգային անվտանգության նախարարության Սումգայիթի բաժանմունքում։ Գանիևի փաստաբանն ասել է, որ առայժմ որևէ տեղեկություն չունի, թե կոնկրետ ինչում է մեղադրվում իր պաշտպանյալը։
Ադրբեջանի Իսլամական կուսակցության փոխնախագահներից Էլչին Մանաֆովը Turan–ի հետ զրույցում տեղեկացրել է, որ նախորդ օրը ձերբակալվել է ևս մեկ հավատացյալ՝ Աբդուլ Սուլեյմանովը։
Բացի այդ, նշվում է նաև, որ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները ձերբակալել են նաև islamazeri.az կայքի գլխավոր խմբագրին՝ Ռամին Բայրամովին։ Վերջինիս բնակարանում խուզարկության ժամանակ հայտնաբերվել է ձեռքի նռնակ, ատրճանակ և թմրադեղեր։
Նշենք, որ օրեր առաջ Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հասան Ֆիրուզաբադին Ադրբեջանի իշխանություններին մեղադրել էր «իսլամի սկզբունքներին դեմ գնացող քայլեր» իրականացնելու մեջ և Իլհամ Ալիևի համար կանխատեսել մռայլ ճակատագիր։ Այդ հայտարարությունից հետո Բաքուն բողոքի նոտա էր հղել Թեհրանին։
Հիշեցնենք, որ անցած տարի Ադրբեջանի իշխանությունները որոշում էին կայացրել երկրի տարածքում արգելել գլխաշորով կրթական հաստատություններ մուտք գործելը։ Այդ որոշումը լուրջ հակազդեցության էր հանդիպել ադրբեջանական հասարակության մեջ, և օրեր շարունակ երկրի տարբեր շրջաններում տեղի էին ունենում բողոքի ակցիաներ, որոնք ուղեկցվում էին ձերբակալություններով և ակցիաների մասնակիցների դաժան ծեծով։

No comments: