Saturday, August 13, 2011

Էլեկտրաէներգիա արտահանող երկրից դառնում ենք ներմուծո՞ղ երկիր

Hraparak.am. 5-8-2011- Ընդամենը մի քանի օր առաջ, հղում անելով վրացական լրատվամիջոցներին, «Հրապարակը» հետաքրքիր մի տեղեկատվություն էր ներկայացրել այն մասին, որ, չնայած էլեկտրաէներգիայի արտադրության ահռելի եւ ոչ ամբողջությամբ օգտագործվող մեր հնարավորություններին, Իրանը պատրաստվում է բավական լուրջ ներդրումներ անել Վրաստան-Հայաստան (Մառնեուլի-Հրազդան) 400 կիլովատտանոց էլեկտրահաղորդագծի կառուցման նպատակով եւ, 2014թ.-ից սկսած, էլեկտրաէներգիա գնել ոչ թե Հայաստանից, այլ Վրաստանից:
Եվ դա այն դեպքում, երբ ըստ «ՌԻԱ – Անալիտիկա» ուսումնասիրությունների կենտրոնի հաշվարկների` ամենաէժան էլեկտրաէներգիա արտադրող 37 երկրների թվում Հայաստանը 4-րդ տեղն է զբաղեցնում…
Բնականաբար, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը որեւէ բացատրություն չներկայացրեց խնդրի առնչությամբ, եւ հանրությունն այդպես էլ գլուխ չհանեց այս հանելուկից: Փոխարենը նախարար Արմեն Մովսիսյանի` Իրան կատարած այցի մակարդակում հրամցվեց նոր գլուխկոտրուկ, ինչի առնչությամբ, հուսանք, սույն գերատեսչության պատասխանատուներն այնուամենայնիվ որեւէ հոդաբաշխ բացատրություն կներկայացնեն բոլորիս:

Բանն այն է, որ օգոստոսի 2-ին Թեհրանում կայացած հանդիպման ընթացքում Իրանի էներգետիկայի փոխնախարար Բեհզադն ու ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Մովսիսյանը հաստատել են էլեկտրաէներգիայի բնագավառում համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը: Եվ ահա այստեղ է, որ տրվել է ոչ միայն նախորդ հանելուկի պատասխանը, այն է` ինչու է Իրանը նախընտրել վրացական գործընկերությունը, այլեւ ձեւակերպվել է նոր գլուխկոտրուկը:

Համաձայն իրանական «ԻՐԻԲ նյուզ» գործակալության` Իրանը ոչ թե նախընտրաբար Հայաստանը փոխարինել է Վրաստանով, այլ ընդամենը ապահովել է իր էներգետիկ անվտանգությունը: Այսինքն, Վրաստանի հետ այս ոլորտում պայմանագիր է կնքվել միայն եւ հատկապես ՀՀ կառավարության անպատասխանատվության պատճառով: Պարզվում է` էլեկտրաէներգիայի աճող սպառման արդյունքում Իրանն անընդհատ նոր պաշարների կարիք է ունենում, եւ այս դեպքում Իրան-Հայաստան 2 էլեկտրահաղորդման գծերի թողունակությունն իրանական կողմին չի բավարարում:

Պարզվում է նաեւ, որ չնայած Իրանն ու Հայաստանը կապող նոր` 3-րդ էլեկտրահաղորդման գծի կառուցմանն առնչվող ֆինանսական համաձայնագրի ստորագրմանը, հայկական կողմը բացարձակ անգործություն է դրսեւորել եւ, իրանական լրատվամիջոցների փաստմամբ, «չի ապահովել անհրաժեշտ եւ ոչ մի պայման` վարկային գծի բացման նպատակով»:

Հիմա պարզ է, չէ՞, թե ինչու է Իրանը ստիպված եղել գնալ Վրաստան-Հայաստան էլեկտրահաղորդագծի կառուցմանը: Ակնհայտ է նաեւ, որ նախագահն ու վարչապետը բերանները ջուր կառնեն-կլռեն, նախարար Արմեն Մովսիսյանն էլ նույնիսկ այսպիսի խայտառակ ձախողումից հետո կշարունակի պաշտոնավարել եւ լուրջ դեմքով ասուլիսներ տալ: Ինչու` այդպիսի ձախողումներ են եղել ու անցե՞լ…

Բաց գանք գլուխկոտրուկին, որ էլի՛ մեր արտադրական հզորություններին է առնչվում եւ ինչի շուրջ տարիներով հյուսված առասպելին արդեն սկսում ենք մի տեսակ կասկածել: Ինքներդ դատեք, թե ինչ է նշանակում այս մեջբերումը. «Իրանական հանդիպման ընթացքում պրն. Բեհզադը նաեւ հաղորդել է Իրանի տարածքով Թուրքմենստանից Հայաստան էլեկտրաէներգիայի տարանցման մասին եւ հայտարարել, որ Աշխաբադում արդեն համապատասխան բանակցություններ են տարվել երեք երկրների ներկայացուցիչների միջեւ, եւ որ համաձայնագրի տեքստը պատրաստ է ստորագրման»:

Հիմա սա ի՞նչ է նշանակում. արդյո՞ք ոչ այն, որ ոչ միայն չենք պատրաստվում Իրանին էլեկտրաէներգիա վաճառել (եւ ակնհայտորեն` ոչ միայն այն պատճառով, որ Իրանն ու Հայաստանը կապող նոր` 3-րդ էլեկտրահաղորդման գծի կառուցմանն առնչվող ֆինանսական խնդիրներ կան), այլեւ ինքներս ենք ստիպված էլեկտրաէներգիա գնել:

Հետաքրքիր է` այս կառավարությունն է՞լ ինչ նոր անհավանական «քաջագործությունների» է ընդունակ: Սա էր մնացել, որ էլեկտրաէներգիա արտադրող եւ արտահանող երկրից դառնայինք էներգիա ներմուծող երկիր, դա էլ եղավ…
Գոհար Սիմոնյան

No comments: