Tuesday, August 9, 2011

Խաչատուրովը քաջ գիտակցում է, թե ինչ զոհողություններով է ձևավորվել ԼՂՀ անվտանգության գոտին. ՊՆ խոսնակ

Tert.am. 8-8-2011- Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը ակտիվորեն մասնակցել է արցախյան պատերազմին և քաջ գիտակցում է, թե ինչ զոհողություններով է ձևավորվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության գոտին: Այս մասին ասել է Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը՝ մեկնաբանելով մամուլում տարածված այն տեղեկությունը, ըստ որի՝ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը հանդիպումներից մեկի ժամանակ խոսել է ազատագրված տարածքները հանձնելու օգտին։
«Ակնհայտ է, որ դա պարզապես ապատեղեկատվություն է: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձն է և իրականացնում է զինված ուժերի կառավարումը: Ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ բանակցությունները ոչ թե զինվորական, այլ քաղաքական իշխանությունների իրավասությունն են: Զինված ուժերի գլխավոր շտաբի լիազորությունները սահմանված են Պաշտպանության մասին ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով»,- ասել է Կարապետյանը:

No comments: