Monday, August 1, 2011

Հայաստանում ոչ մի կերպ գումար չեն կարողանում գտնել Արցախյան հիմնախնդրի մասին ֆիլմի համար

PanARMENIAN.Net - 1 օգոստոսի 2011 - Նախօրեին Facebook սոցիալական ցանցում լայն քննարկման առարկա դարձավ կինոռեժիսոր, արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Աթասյանի «Թեկուզ» ֆիլմի ստեղծման համար անհրաժեշտ ֆինանսավորման բացակայության հարցը: Ֆիլմ, որի նպատակն է արցախյան հիմնախնդրի էությունն առանց խեղաթյուրումների միջազգային հանրությանը հասցնելը: «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության այսօր տարածած հայտարարության մեջ ասվում է, որ այն, թե ինչով է ավարտվել կինոռեժիսորի այդ նախաձեռնությունը, կարող է միայն ապշանք առաջացնել:

Նախատեսվում էր «Թեկուզ» ֆիլմի նկարահանումները սկսել հունիսին: Ըստ Աթասյանի` դրա մասին տեղյակ էին և՛ նախագահական նստավայրում, և՛ Ազգային կինոկենտրոնում, և՛ մշակույթի նախարարությունում: Ազգային կինոկենտրոնի տնօրինությունից և մշակույթի նախարարությունից խոստացել էին, որ մշակույթի նախարարը կառավարության նիստի ժամանակ պետք է բարձրացներ ֆիլմի ֆինանսավորման հարցը, որպեսզի պահեստային ֆոնդից գումար տրամադրվեր: Ըստ Ազգային կինոկենտրոնի եզրակացության` ֆիլմը պետք է շտապ նկարահանվեր:
Գագիկ Աթասյանը լրատվական կայքերից մեկին տված հարցազրույցի ժամանակ պատմել է մշակույթի նախարարությունից ստացված նամակի մասին, որում նշված է եղել ֆիլմին 2012 թվականի բյուջեի քննարկման ժամանակ անդրադառնալու մասին միայն: Այնուհետև ռեժիսորը հանդիպել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ, որն ասել է. «Եթե ես ցանկանայի մերժել կամ փակուղի տանել ֆիլմը, ապա կասեի, որ այն նախատեսում ենք քննարկել 2012-ին»:Աթասյանի դիտարկմանն ի պատասխան, թե նախարարն հենց այդպես էլ արել է, Հասմիկ Պողոսյանը զարմացած ասել է` «Վայ էդպես եմ ասել, մոռացել էի»:
Կինոռեժիսորը նաև նշել է, որ ֆիլմին օժանդակելու վերաբերյալ նախագահի կողմից հանձնարարական է իջեցվել մշակույթի նախարարությանը, և շեշտել, որ սեփական աչքերով է տեսել այդ հանձնարարականը:
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը ադրբեջանական քարոզչամեքենային դիմակայելուն ուղղված Հայաստանի վարած քաղաքականությունը դիտարկում է որպես վտանգավոր և տագնապալի: Դրա վառ ապացույցը կինոռեժիսորի հետ կատարվածն է: Նրանք նշում են, որ կինեմատոգրաֆն աշխարհին ճշմարտությունը մատուցելու ամենաարդյունավետ միջոցներից է: Թշնամին ակտիվորեն օգտագործում է կինոն պատմությունը խեղաթյուրված ձևով ներկայացնելու համար: Միևնույն ժամանակ, հայաստանյան իրականությունում թշնամու հակահայկական քարոզչությանը դիմակայելուն ուղղված նախագծերն ուղիղ իմաստով ցինիկաբար «ջրվում են»` հեղինակներին ուղարկելով դեպի 2012 թվականի բյուջեի քննարկում: Ըստ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության` հենց դա՛ է պատճառը, որ Հայաստանը տանուլ է տալիս տեղեկատվական պատերազմում, իսկ աշխարհը հավատում է ադրբեջանական լուտանքներին:

No comments: