Saturday, August 6, 2011

Հայ թուրքագետ. Թուրքական պետությունը Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ միշտ դրսեւորելու է ագրեսիվություն եւ թշնամություն

News.am. 6-8-2011- Անկախ անձանցից, թուրքական պետությունը Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ միշտ դրսեւորելու է ագրեսիվություն եւ թշնամություն, իսկ նոր պաշտոնյաները իրականացնելու են հակահայկական քաղաքականություն: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին ասել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը` մեկնաբանելով փոփոխությունները Թուրքիայի զինվորական ղեկավարությունում:
Ռ. Մելքոնյանի խոսքով, զինվորական ղեկավարության փոփոխությամբ կարելի է շրջած համարել Թուրքիայի ժամանակակից պատմության կարեւոր էջը. «Գեներալիտետը տասնամյակների ընթացքում վճռորոշ դեր էր խաղում, սակայն վերջին տարիներին վարչապետ Էրդողանի իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության եւ գեներալիտետի միջեւ ընթանում էր բուռն պայքար, որն այս պահին պսակվեց Էրդողանի հաղթանակով: Ընդ որում, Թուրքիայում բարձրաստիճան զինվորականների ձերբակալությունները դարձել են սովորական երեւույթ, իսկ Գլխավոր շտաբը ոչինչ չի կարողանում հակադրել»,- նշեց Մելքոնյանը:
Թուրքագետը հիշեցրեց, որ Թուրքիայում բազմիցս տեղի են ունեցել ռազմական հեղաշրջումներ: Սակայն Էրդողանը, հնարամտորեն օգտագործելով աշխարհաքաղաքական իրավիճակը եւ առկա հիմնախնդիրները, կարողացավ չեզոքացնել Թուրքիայում ռազմական հեղաշրջման հավանականությունը:
Ռուբեն Մելքոնյանի խոսքով, Թուրքիայի զինված ուժերի նոր հրամանատարը ժամանակավոր ֆիգուր է եւ Էրդողանի մեծ ազդեցության տակ է: Բացի այդ նա հայտնի է իր ագրեսիվ հակաքրդական դիրքորոշմամբ եւ դա համահունչ է Թուրքիայի զինված ուժերի եւ քաղաքական համակարգի դիրքորոշման հետ:
Արդեն տեղեկացրել ենք, որ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հավանություն է տվել ԶՈՒ գլխավոր հրամանատարի պաշտոնում գեներալ Նեջեթ Օզելին նշանակելուն: Նախկին հրամանատար Ըշըք Քոշաները անսպասելիորեն հրաժարական էր տվել անցած շաբաթ: Նրա հետ հրաժարական էին տվել ցամաքային, ռազմաօդային եւ ռազմածովային ուժերի հրամանատարները: Գեներալները պաշտոնները լքել էին Բարձրագույն զինվորական խորհրդի խոշոր խորհրդակցության նախօրեին:

No comments: