Saturday, August 6, 2011

The Economist–ն Էրդողանին հիշեցրել է կախաղան բարձրացված Մենդերեսի մասին

Tert.am. 5-8-2011- Թուրքիայում քաղաքական գործիչների և գեներալների միջև տարիներ ի վեր շարունակվող պայքարը կարծես ավարտված է։ Այս մասին գրում է բրիտանական հեղինակավոր The Economist պարբերականը՝ անդրադառնալով օրեր առաջ թուրքական սպայակույտի հրաժարականին։
Զուգահեռներ անցկացնելով Թուրքիայի կառավարության ներկայիս ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի և 1960թ. տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո կախաղան բարձրացված նախկին վարչապետ Ադնան Մենդերեսի՝ բանակի դեմ ուղղված քաղաքականության միջև՝ The Economist–ը գրում է. «Դժվար թե Էրդողանն արժանանա Մենդերեսի ճակատագրին, սակայն հարկ է, որպեսզի դասեր քաղի Դեմոկրատական կուսակցության՝ մահապատժի ենթարկված առաջնորդի պատմությունից»։
Միևնույն ժամանակ պարբերականն ընդգծում է, որ այսօր Թուրքայում իրողությունները բոլորովին այլ են և որպես դրա վառ օրինակ նշում այն հանգամանքը, որ սպայակույտի հրաժարականից հետո իրենց բողոքն արտահայտելու համար փողոց դուրս չեկան անգամ քեմալականները։
«Բանակի հետ կապված զարգացումները չգրավեցին ժողովրդի ուշադրությունը։ Հանրության մեծ մասը կարծում է, որ դա «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության և բանակի միջև շարունակվող պայքարի վերջին փուլն էր»,– գրում է The Economist–ը։
Նշելով, որ հնարավոր է՝ Էրդողանի ամենամեծ հաջողությունը դառնա գեներալների ազդեցության վերջնականապես նվազեցումը, պարբերականը միևնույն ժամանակ ընդգծում է, որ այդ իրավիճակն Էրդողանին Մենդերեսի պես օրեցօր ավտորիտար է դարձնում։
«Ասվածի վառ օրինակը Թուրքիայում ընդդիմադիր լրագրողների վիճակն է, որոնց աշխատանքից հեռացնում են Էրդողանի ցասումից վախեցող ԶԼՄ–ների ղեկավարները»,– գրում է The Economist–ը։
Ընդգծելով, որ առաջացած մտահոգություններն ու խնդիրները վերացնելու համար վարչապետ Էրդողանը պետք է կյանքի կոչի նոր սահմանադրություն ընդունելու իր խոստումը։
«Սակայն այդ հարցում Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը պետք է հաշտեցման եզրեր գտնի խորհրդարանի աշխատանքները բոյկոտող «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության պատգամավորների հետ»,– նշում է պարբերականը։
Ընդգծելով, թե շատ կարևոր է, որ բանակը հեռու մնա քաղաքականությունից՝ The Economist–ը գրում է, որ թույլ բանակը դրական ազդեցություն չի ունենալու Թուրքիայի համար տարածաշրջանային թիրախներին հասնելու հարցում։
Նշենք, որ թուրքական իշխանամետ մամուլը ցավագին է ընդունել The Economist–ի այս հրապարակումը։ Մասնավորապես, Էրդողանի և Մենդերեսի միջև անցկացված զուգահեռականը որակել է որպես «սկանդալային համեմատություն»։

No comments: