Thursday, August 25, 2011

Հայկական իշխանության դեգրադացիան

«Լրագիր» 25-8-2011- Հրապարակ թերթը գրում է, որ ԱԺ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը` Ծաղիկ Ռուբոն, պատրաստվում է ոչ միայն ինքը հայտնվել գալիք խորհրդարանում, այլ նաեւ խորհրդարանի մանդատ ապահովել իր դստեր համար: Թերթը գրում է, որ Գեւորգյանը դրա համար պատրաստ է նաեւ վաճառել Դավիթաշենում ունեցած սեփական շուկան, որպեսզի կարողանա հոգալ պատգամավոր դառնալու համար անհրաժեշտ ֆինանսական ծախսերը:
Ռուբեն Գեւորգյանի քայլն անշուշտ առաքինի քայլ է: Իսկական հայրը ոչինչ չպետք է խնայի զավակի ապագայի համար: Թյուր է այն կարծիքը, թե իսկական տղամարդը պետք է ծառ տնկի, տուն կառուցի եւ որդի մեծացնի: Բա ով պետք է որդուն աշխատանքի տեղավորի, դասավորի նրա ապագան, այն էլ մի երկրում, որտեղ առանց դրա ապագա գրեթե չի դասավորվում: Ով ով, բայց Ռուբեն Գեւորգյանը պետք է որ շատ լավ ճանաչի մեր երկիրը, դրանում առկա բարքերը:
Մի քանի շաբաթ, թե ամիս առաջ էլ հայտնի դարձավ, որ իր որդուն պատգամավոր է ուզում դարձնել Էդվարդ Մադաթյանը` Խուճուճ Էդոն: Ավելի վաղ էլ հայտնի է դարձել, որ իշխանությունն իր զավակներին պատրաստվում է նշանակել դատավորներ: Առաքինության եւս մի դրսեւորում: Որդիները, դստրերը, հարսերն ու փեսաները աստիճանաբար առանցքային տեղ են զբաղեցնում Հայաստանի իշխանական համակարգում, նրանց նշանակությունը գալիս է առաջնային պլան:
Դրա վկայությունն է թե այն, որ կարծես թե սկսվում է որդիներին ու դուստրերին պատգամավոր դարձնելու մի գործընթաց, եւ թե այն, որ արդեն տեւական ժամանակ է սկսվել է որդիներին ու դուստրերին ամուսնական սուրբ կապերով իրար միացնելու եւ համակարգը խնամիության ամուր կապերով ցեմենտելու գործընթաց:
Իսկ այդ ամենն էլ իր հերթին վկայում է Հայաստանի իշխանական համակարգում անզորության զգացման մասին` ժամանակի դեմ անզորության, ինչը համակարգը մղում է դեպի ժառանգականության առանցքի ամրապնդման եւ գենետիկ բյուրեղացման քայլերի: Դա իշխանության վերջին հույսն է քաղաքացիական, սահմանադրական գիտակցության դեմ պայքարում. “յուրային” հասկացությունը արդեն սկսել է չաշխատել եւ մնացել է միայն “հարազատ” հասկացությունը: Յուրայիններն այլեւս իրար չեն հասկանում, եւ իշխանությունը զգում է, որ իր ներսում առաջանում է չհասկացվածության մի պաը, որը կաթվածահար է անելու համակարգը: Հույսն այն է, որ հարազատները գոնե իրար կհասկանան, ինչի ակնկալիքով էլ թերեւս նախաձեռնվել է համակարգային հարազատացման այդ մեծ եւ բազմաճյուղ գործընթացը:

ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: