Friday, August 26, 2011

Խաչիկյանը թող խորոված անի

«Լրագիր» 26-8-2011- Ինչի՞ հետ էր կապված նախագահի հրավիրած իրավապահ ոլորտի խորհրդակցությունը: Արդյոք այն պլանային էր, թե որոշակի գործերի հետ էր կապված:
Քանի որ խորհրդակցության ժամանակ խոսվել է անպատժելիությունից ու պատժի անխուսափելությունից, նշանակում է, որ աղմկոտ գործ կա, որի վերաբերյալ իրավապահ համակարգը չի կարողանում վճիռ հրապարակել: Առաջինը մտքիդ է գալիս թոշակային հիմնադրամի նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանի գործը: Արդեն հստակ ասվել է, որ Վազգեն Խաչիկյանը յուրացրել է ավելի քան 50,000 մահացած մարդկանց թոշակները, սակայն նա դատի չի տվել այդ մասին հայտարարած Վերահսկիչ պալատին, իսկ իշխանությունները չեն հերքել խոշոր չափի մեքենայության փաստը:
Թվում է, թե այստեղ քննարկելու ոչինչ չկա. ինչպես ասվում է, պատիժը պետք է անխուսափելի լինի: Սակայն Խաչիկյանը Գերմանիայում բուժվելուց հետո պատրաստվում է Խորովածի փառատոնին, իսկ գործը մինչ այժմ դատարան չի ուղարկվել: Լրագրողներն ու իրավապաշտպաններն էլ ամեն հարմար առիթով այդ հարցում կշտամբում են իշխանությանը:
Հնարավոր է, որ Սերժ Սարգսյանը հրաման է տվել գործն ավարտին հասցնել, սակայն իրավապահ համակարգը չի կարողանում «շրջանից» դուրս գալ և հանձնել «յուրայինին»: Հավանական է, ինչ-որ մեկին նախապես հայտնի է, որ եթե Խաչիկյանը հայտնվի դատարանում, այն էլ բաց դռների պայմանում, ապա այնպիսի փաստեր կարող են բացահայտվել, որ ողջ համակարգը կարող է «պատռվել»:
Հնարավոր է, որ խորհրդակցությունը նվիրված է եղել այն բանին, թե ինչ է լինելու այս գործի շարունակությունը: Վերջիվերջո, իշխանությունները պարտավորություններ ունեն միջազգային կազմակերպությունների առաջ (օրերս ԵԱՀԿ-ն հուշագիր է ստորագրել ոստիկանության և գլխավոր դատախազության հետ համագործակցության վերաբերյալ) և պետք է հաշիվ տա Խաչիկյանի գործով: Իսկ ինչպե՞ս է հաշիվ տալու, եթե Խաչիկյանը պատժված չէ:
Այս համատեքստում հավանական է, որ, Սերժ Սարգսյանը, խոսելով պատժի անխուսափելիության մասին, նկատի է ունեցել ոչ թե դատական պատիժը, այլ` Աստծո: Եթե համակարգը չի պատժում յուրայիններին, Աստծո պատիժը կա ու կա:
Ինչ վերաբերում է հանցագործությունների բացահայտմանը, որի մասին խոսել է Սերժ Սարգսյանը, դա ակնհայտորեն նույնպես կապված է կոնկրետ գործի հետ, մասնավորապես, ունեւոր պաշտոնյաների տների վրա հարձակումների: Արդեն մի քանի նման հարձակում է եղել, եւ եթե մինչ այժմ իրավապահ համակարգը ոչ այնքան եռանդուն է արձագանքել, ապա վերջին դեպքը շատերի մոտ հանցավոր խումբը շուտափույթ բացահայտելու ցանկություն է առաջացրել: Հնարավոր է, որ հարձակման վերջին զոհը չի տեղավորվում «թույլատրելիի» շրջանակում, և հարուստները հանկարծ զգացել են, որ անպաշտպան են «ռոբինհուդերի» առջև:
Բացի այդ, նման խորհրդակցությունները Սերժ Սարգսյանի համար իրեն համակարգից, այսինքն մեղադրանքներից դուրս, անգամ վերև դնելու լավ հնարավորություն են: Իրավապահ համակարգի ղեկավաներին հավաքելով և լսելով նրանց հաշվետվությունները, Սերժ Սարգսյանը կարծես ցույց է տալիս, որ անձամբ պատասխանատվություն չի կրում:
Վազգեն Խաչիկյանի գործը իրոք կարող է բարեփոխումների հանդեպ իշխանությունների քաղաքական կամքի ցուցանիշ դառնալ: Սակայն այն կարող է ցույց տալ նաև իրավապահ ու դատական համակարգի դիմադրության ուժը, որը չի ցանկանում բարեփոխվել և նունիսկ արդարադատության իմիտացիա անել:

Նաիրա Հայրումյան

No comments: