Monday, August 15, 2011

Ի՞նչ պետք է անի Հայաստանը

Lragir.am-ի հարցազրույցը Հրանտ Բագրատյանի հետ , 15.08.2011:
- Պ-ն Բագրատյան, ի՞նչ է կատարվում միջազգային շուկաներում, ինչո՞վ էր պայմանավորված վերջին 3 օրերին (օգոստոսի 5-ին, 6-ին և 8-ին) ֆոնդային շուկաներում արժեթղթերի շուրջ 15 %-ոց գնանկումը։
- Գիտեք, դեռևս 2008-ի հոկտեմբերին մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպելիս, ինչպես նաև 2008-ի վերջին “Финанасовая аналитика” ամսագրում տպագրված հոդվածում (N1, 2009 թ.) միտք էի արտահայտել, որ 2008-2009 թթ. տնտեսական ճգնաժամը համակարգային, կառուցվածքային է։ Այն առաջացել է համաշխարհային տնտեսության մեջ հավասարակշռության խախտման հետևանքով։ Ասել կուզի, այն ամենևին էլ ֆինանսական չէր, ինչպես սկզբնական շրջանում արտահայտվում էին գրեթե բոլոր մասնագետները։
2010-ի ամռանը հրապարակեցի “Մեգաէկոնոմիկայի հիմունքները” (մասնավորապես այն անգլերեն և ռուսերեն տարբերակներով տեղադրված է ձեր կայքէջում)։ Եվ այն ժամանակ, և հիմա պնդում եմ. համաշխարհային տնտեսությունը հավասարակշռությունից դուրս է։ Էկոնոմիկան ենթադրում է աշխատուժի, կապիտալի, բնական ռեսուրսների և ինովացիաների (հողը մի կողմ թողած) առկայություն։
Վերջին 100 տարիներին երկրագնդի բնակչությունը 1.5 մլրդ-ից հասել է 6.5 մլրդ-ի։ Այդ 5 մլրդ հավելաճի 4.5-ը արևելքի մասնաբաժինն է, այդ թվում 2 մլրդը մահմեդական աշխարհինն է։ Այդ ընթացքում հանքա-հումքային ռեսուրսները պակասել են ավելի քան 2 անգամ։ Որպեսզի էկոնոմիկան կազմակերպվի, պետք է ռեսուրսը, մարդը և կապիտալը հանդիպեն։ Այս դեպքում համաշխարհային տնեսությունը հավասարակշռվում է։ Բայց եթե մարդը մի տեղ է (արևելքում), իսկ կապիտալը մեկ այլ տեղ (արևմուտքում), ապա կամ կապիտալը պետք է գնա արևելք, կամ մարդը արևմուտք։ Կապիտալն արևելք չի գնում, բոլոր հեղինակավոր հրապարակումները փաստում են, որ վերջին տասնամյակում կապիտալի հոսքը հակառակ ուղղությամբ է. նոր զարգացող երկրներից դեպի զարգացածները (Հայաստանը ձեզ կենդանի օրինակ), արևելքից դեպի արևմուտք։
Ուրեմն, մարդը պետք է գնա կապիտալի մոտ։ Այստեղ մենք տեսնում ենք զարգացած արևմուտքի կատաղի պայքարը միգրանտների ներհոսքի դեմ։ Ավելին, Եվրամիության ստեղծումը, NAFTA-ի կամ ԱՊՀ ստեղծումը ի վերջո խոչընդոտում է ռեսուրսների (այդ թվում մարդկային) վերաբաշխումն աշխարհում։ Օրինակ, երբ Լեհաստանը դարձավ ԵՄ անդամ, հայկական ապրանքների (այդ թվում կոնյակի) արտահանումն այդ երկիր գրեթե դադարեց. հիմա դա հնարավոր է միայն ԵՄ խիստ կանոնների պայմաններում։ Ի վերջո, առևտուրը կրճատվեց, և մեր զարգացման պոտենցիալը փոքրացավ։ Բնական է, հայերն այդ ամենը պետք է փորձեն փոխհատուցել միգրացիայի հաշվին։
Հավասարակշռության բացակայության պայմաններում աշխատանքի սահմանային արդյունքը արևմուտքում իջնում է, իսկ արևելքում բարձրանում։ Այստեղ սակայն կապիտալ չկա։ Ստացվում է համաշխարհային տնտեսության զարգացման տեմպերի դանդաղում, պարբերական ճգնաժամերի հաճախացում։
Օրինակ, այսօր առաջատար ընկերությունների բորսային ինդեքսները իջնում են, փողը փախչում է դեպի բարձերը, երբ արևելքում այն կարող էր բարձր արտադրողական կիրառում գտնել։ Արևելքի ահաբեկիչներն իրենց հերթին փորձում են վերահսկել առշխատուժի տեղաշարժը՝ որպես կանոն խաղարկելով մարդկանց կրոնական զգացմունքները։ Վերջին հաշվով, բորսայական ինդեքսների տոտալ գնանկումը նշանակում է, որ առկա կապիտալին (փողի զանգված + արժեթղթեր) համարժեք ապրանքային մասսա (ապրանքներ, ծառայություններ, գործարաններ, այլ ակտիվներ) գոյություն չունի։ Սա այն դեպքում, երբ, ասենք, Սոմալիում սով է, իսկ Հայաստանում մարդկանց մեծ մասը մի կերպ է յոլա գնում։

- Ի՞նչ բան է դեֆոլտը, որը չոքացրել է ԱՄՆ կառավարությանը։
- Դեֆոլտը պետության անկարողությունն է վճարել իր ստանձնած պարտավորությունների դիմաց։ Ամերիկյան պետությունը 14 տրլն-ի պարտք ունի, այսինքն այդքան գումարի պետական արժեթղթեր է վաճառել (10-ը սեփական ժողովրդին, 4-ը՝ արտասահմանցիներին, ներառյալ պետություները)։

- Ե՞րբ ԱՄՆ-ն սկսեց պարտքերի կուտակումը։
-Գործնականում այն կազմեց ռեյգանոմիկայի առանցքը և սկսեց կիրառվել 1981-ից։ Այն ենթադրում է արտադրության (առաջարկի) խրախուսումը պետության կողմից։ Երբ Ռ. Ռեյգանը դարձավ նախագահ, ԱՄՆ տնտեսապես ծնկաչոք էր եղել Ճապոնիայի առաջ։ Ճապոնիան մի քանի հարյուր միլիարդ դոլարի ապրանք էր արտահանում ԱՄՆ։ Վերջիններս չէին կարողանում պատասխանել այդ արտահանման ծավալի գոնե 20%-ի չափով։ Կուտակելով դոլարի հսկայական ծավալներ, ճապոնական ընկերությունները տառացիորեն գնում էին ԱՄՆ-ն։ Ռեյգանը հարցրեց իր տնտեսագետներին. ի՞նչ ենք անելու։ Գտնվեց մեկը, որը շատ հետաքրքիր դեղատոմս առաջարկեց։ Այդ մարդն Ա. Գրինսպինն էր։ Նա ասաց` եկեք ճապոնացիներին այնպիսի բան առաջարկենք, որից նրանք չեն կարող հրաժարվել (իսկը հոլիվուդյան բլոքբաստերի ոգով)։ Տպենք ամերիկյան պետության արժեթղթեր և բարձր տոկոսով վաճառենք նրանց։ Դրանով մեր փողերը (դոլարները) կվերադառնան ԱՄՆ։ Ռեյգանն ասաց` համաձայն եմ, միայն թե պատասխանեք այսպիսի հարցի. ի՞նչ ենք անելու, երբ գա վաճառված արժեթղթերի մարման ժամկետը։ Պատասխանը հանճարեղ էր. նոր պարտք ենք վերցնելու։ Գրինսպինն էլ սկսեց իրացնել իր գաղափարները սկզբից իբրև սոցիալական ապահովագրության ազգային հանձնաժողովի նախագահ, իսկ ապա ԱՄՆ Կենտրոնական Բանկի (դաշնային ռեզերվների համակարգ) նախագահ։ Սկզբից Ճապոնիան, հետո Հր. Կորեան, ապա Սաուդյան Արաբիան, ավելի ուշ Չինաստանը, Ռուսաստանը կուլ տվեցին այս խայծը (ելք չկար)։ Օրինակ, Ռուսաստանը թանկացնում էր նավթը, փող աշխատում։ ԱՄՆ-ն էլ բարձրացնում էր արժեթղթերի տոկոսը և Ռուսաստանը իր աշխատած փողի (դոլարների) զգալի մասը հետ էր վերադարձնում ԱՄՆ։ Տեսնվա՞ծ բան է, որ ապրանքի գնի (տվյալ դեպքում նավթի) թանկացումից ի վերջո շահի ոչ թե վաճառողը, այլ գնորդը։ Հիմա, ԱՄՆ-ն ասում է, թե չեմ կարող (կամ վտանգ կա) երաշխավորել արժեթղթերի դիմաց վճարումները։ Սա իհարկե ճիշտ չէ։ ԱՄՆ-ն ցանկացած պահի կարող է փող տպել։ Օգոստոսի 10-ին այդ մասին առանց ամաչելու հայտարարեց նույն Ա.Գրինսպինը։

- Կարո՞ղ եք մի քանի խոսքով նկարագրել Եվրամիությունում տիրող իրավիճակը, մասնավորապես, հունական խնդիրը։
- Այստեղ իրավիճակն ավելի պարզ է։ Խոսքը վերաբերում է նրան, որ ԵՄ-ը ունի անդամագրվելու գործառույթ։ Դրա ֆինանսական բաղադրիչը, մասնավորապես, ենթադրում է, որ ԵՄ անդամ դառնալուց առաջ հավակնորդ երկրները պետք է ունենան բյուջեի դեֆիցիտի որոշակի սահման։ ԵՄ երկրների համար, մասնավորապես Մաասթրիխտում, ձեռք բերված համաձայնությունների շրջանակում բյուջեի դեֆիցիտը 3%-ից ավել չպետք է լինի։ Թվում էր, թե նշվածի շրջանակում խնդիրներ չպետք է լինեն։ Եվ ահա սրանից մեկուկես տարի առաջ Հունաստանի սոցիալիստ վարչապետ Գ. Պապանդրեուն հայտարարեց, որ երկրի պարտքերն ավելին են, քան ՀՆԱ-ն։ Բոլորն ապշած էին, չէ՞ որ Հունաստանի բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ 3-4%-ի շրջանակներում էր։ Նրան կարելի էր հանդիմանել, բայց այսպիսի պարտքի մասին խոսք լինել չէր կարող։
Ի՞նչ պարզվեց։ Պարզվեց, որ նման ահռելի պարտքի կուտակման մի քանի պատճառներ կան, որոնք ցավոք սրտի դուրս են մնացել եվրոպական մասնագետների ուշադրությունից։ Երբ երկիրը 1981-ին դարձավ ԵՄ անդամ, 30 տարում կյանքի միջին տևողությունը ավելացավ 12 տարով։ Հունաստանը մեծ մասամբ եղել է սոցիալիստական երկիր։ Այդպիսին էր այն Գեորգիոս Պապանդրեու ավագի ժամանակ, “սև գնդապետների” ժամանակ, դրանից հետո Անդրեաս Պապանդրեուի ժամանակ և վերջապես ներկայիս Գեորգիոս Պապանդրեու կրտսերի ժամանակ։ Վերջին 50 տարիներին լիբերալ քաղաքականության կարճ ժամանակաշրջան են եղել Միցոտակիսի, Սիմիտիսի, Կարամանլիսի կառավարման շրջանները։ Ի վերջո, Պապանդրեուների դինաստիան երկիրը հասցրել է այն ծայրակետին, երբ միջին կենսաթոշակը կազմում էր միջին աշխատավարձի 91 տոկոսը։ Ահռելի էին կորպորատիվ համակարգի կենսաթոշակային ու սոցիալական ապահովության համակարգերի խոստումները։ Հունական կորպորատիվ համակարգի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ դրանք մեծ մասամբ ասոցածված են պետության հետ։ Հիշում եք OTE-ին, Արմենթելի տիրոջը։ Դա ի վերջո պետական ընկերություն էր։ Հունաստանում պետական են (էին) նավահանգիստները, երկաթուղային կայարաններն ու գծերը, փոստը, էլեկտրակայանների զգալի մասը, օդանավակայաններն ու ավիաընկերությունները (օրինակ, Օլիմպիկ էյրվեզը)։ Հունաստանը, որտեղ միջին աշխատավարձն ավելի քան 2 անգամ պակաս է, քան Գերմանիայում, ապահովում է միջին կենսաթոշակի (ավելի ճիշտ կլինի ասել կենսաթոշակների և սոցիալական թոշակների) միևնույն մակարդակը։ Այստեղից, միայն կյանքի միջին տևողության բարձրացումը ստեղծեց ավելի մեծ ֆինանսական խնդիր, քան երկրի ամբողջ բյուջեն է։

-Իսկ ԵՄ-ում այս ամենը չէի՞ն նկատում։
- Ոչ, չէին նկատում։ Համենայն դեպս, երբ նրանք կոորդինացնում էին բյուջեի դեֆիցիտի թվերը, պետք է հասկանային, որ Հունաստանի պարագայում կա ավելի կարևոր թիվ՝ կոնսոլիդացված պետական ծախսերի թիվը։ Նույնը ի դեպ Իսպանիայի, Պորտուգալիայի, Իտալիայի պարագայում. 20-25 տարի առաջ տրված սոցիալական խոստումները անիրագործելի են։ Այդ երկրները (ընդհանրապես հարավային Եվրոպան ամբողջությամբ) հայտնի են կառավարման համակարգում սոցիալիստական մեթոդների գերակայությամբ։

- Կարծում եք, որ կենսաթոշակների վճարումները կարգավորելուց հետո ԵՄ այլևս ֆինանսական խնդիրներ չի՞ ունենա։
- Ոչ իհարկե։ Նախ, ես նշեցի, որ կենսաթոշակներն ու սոցիալական վճարումները կարևոր, բայց միակ խնդիրը չեն։ Երկրորդ, ԵՄ երկրների համար առաջիկա 3-5 տարիներին լրջագույն խնդիր կլինի կորպորատիվ համակարգի կողմից տրված սոցիալական խոստումների վճարումները։ Երրորդ, չի լուծված եվրոյի գնողունակության խնդիրը. դրա գնողունակության պարիտետը տարբեր երկրներում տարբեր է (մինչև 5 անգամ), ինչի արդյունքում միևնույն եվրոն տարբեր մեծության բյուջեներ է աքսելերացնում տարբեր երկրներում։ Չորրորդ, ԵՄ երկրների մի մասի վճարային հաշվեկշիռը դրական է (Գերմանիա, Նիդեռլանդներ), մյուսներինը՝ բացասական (Հունաստան, Իտալիա, Պորտուգալիա, Ֆրանսիա), ինչի արդյունքում մի մասին ձեռնտու է եվրոյի արժեզրկումը, մյուսին հակառակը՝ արժևորումը)։ Հինգերորդ, երկրների մի մասը խիստ արտահայտված էներգակիր արտահանող է, մյուսը՝ խիստ արտահայտված ներմուծող։ Դրանք կարիք ունեն տարբեր մաքսային ռեժիմների։ Արժեքների սպասված ինտեգրումը վերջին տարիներին ոչ միայն չի կատարվում, այլ տարբերությունները մեծանում են։ Վեցերորդ, և այլն, և այլն, և այլն։

- Պ-ն Բագրատյան, խնդիրներն ահռելի են անգամ այն դեպքում, երբ այս կամ այն երկիրը ԵՄ անդամ է։ Այս պարագայում ինչպե՞ս կարող է Հայաստանը լուծել իր առջև ծառացած տնտեսական հիմնախնդիրները։
- Հայաստանի առջև ծառացած խնդիրները, բնականաբար, ավելի բարդ են։ Մանավանդ, որ մոտավորապես 2001-2002 թթ. մեր երկիրը սխալ տնտեսական քաղաքականություն է իրականացնում։

- Եթե մի կողմ թողնենք ՀԱԿ տնտեսական բարեփոխումների 100 քայլ ծրագիրը, ապա հակիրճ` ո՞ր 2 ամենակարևոր քայլերն են, որոնք կարող են երկիրը դուրս բերել այս իրավիճակից։
- Առաջին խնդիրը տնտեսության ապամենաշնորհացումն է։ Սա իր հերթին 3 քայլ է ենթադրում՝ մաքսային օրենսգրքի հավասար կիրառումը բոլորի համար, գերշահույթների առգրավումը մենաշնորհներից և մակրոտնտեսական քաղաքականության այսպես կոչված տեխնոլոգիաներում (թույլտվությունների ձևակերպում, քվոտավորում, նվազագույն նորմատիվների սահմանում, գնումների մրցույթներ և այլն) մանրերի ու խոշորների իրավունքների հավասարեցում։ Թող, օրինակ, Սերժ Սարգսյանը և Տիգրան Սարգսյանը հայտարարեն, որ ասենք սեպտեմբերին բացի Սամվել Ալեքսանյանից թույլ է տրված, որ էլի ուրիշ մեկը (մի քանիսը) շաքար բերի։
Երկրորդ խնդիրը դրամի փոխարժեքն է և բանկային համակարգի տակից փափուկ բարձերի վերացումը։ Պետք է վերջապես փոխարժեքն ազատել արտաքին արժութային ներարկումներից։

- Պրն Բագրատյան, բայց գոնե վերջին տարում ԿԲ արժութային ինտերվենցիաների դինամիկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրամի փոխարժեքն ավելի շատ ձևավորվել է ազատ առաջարկի և պահանջարկի հիման վրա։
- Եկեք մեկնընդմիշտ հիշենք, Հայաստանում, ուր դրսից եկող տրանսֆերտներ կան և որոնք առաձին տարիներին կազմում են վերջնական սպառման մինչև 40 տոկոսը, ԿԲ -ի կողմից արժութային շուկային չմիջամտելը նշանակում է խիստ կարգավորման առկայություն։

- Խնդրում եմ բացատրել։
- Հայաստանի նման երկրում ազգային արժույթի կուրսն ազատորեն է ձևավորվում, եթե ԿԲ ստերիլիզացնում է (գնում և շրջանառությունից դուրս է բերում) ստացվող տրանսֆերտները։ Մեր դեպքում, ընդհակառակը, ԿԲ-ի կողմից միջամտության բացակայությունը նշանակում է կարգավորված կուրս, քանզի տրանսֆերտները կանխորոշում են դրամի պերմանենտ արժևորումը, իսկ դրա առկայությունը (ստերիլիզացիայի իմաստով) նշանակում է ազատ փոխարժեք։ Աշխարհում կան ևս երկու պետություններ, ուր բնակչության մեկ շնչին ընկնող տարեկան տրանսֆերտներն ավել են, քան 500 դոլարը. Լիբանանը և Բոսնիան ու Հերցոգովինան։ Բայց արի ու տես, որ և Բոսնիական մարկը (ստեղծվել է 1998 թ), և լիբանանյան ֆունտը արժևորման միտումներ չեն ունենում։ Այդ երկրների ԿԲ-երը պարզապես ստերիլիզացնում են պահանջվածից ավել եկած արտարժույթը։ Իսկ մեզ մոտ սկսած 2002 թ ԿԲ անգործությունը թույլ տվեց 2002-2008 թթ. դոլարի նկատմամբ արժևորել ազգային արժույթը և պարզապես ոչնչացնել արտահանումը:
Վերլուծությունը ցույց է տալիս, որ 2002-2009 թթ. դրամի արժևորման հիմնական պատճառը եղել են տրանսֆերտները։ Փոխարժեքի անկման և տրանսֆերտների աճի միջև կորելյացիան կազմել է 0.9806։ Դրամի դոլարային փոխարժեքի դինամիկայի և արտահանման դինամիկայի վերլուծությունը (2001-2008) ցույց է տալիս շատ բարձր կապ. 0.9597։ Նույն կապը դրամի եվրոյով փոխարժեքի հետ կազմում է 0.8494։ Նույն մեթոդաբանությամբ վերլուծելով այս երկու փոխարժեքների դինամիկայի կապը և արտահանման ծավալները 2002-ի անփոփոխ գներով, ստանում ենք մի հետաքրքիր եզրակացություն ևս. արտահանման անկման 61 %-ը պայմանավորված է դրամի արժևորմամբ։ Դրամի յուրաքանչյուր տոկոս արժևորումը հանգեցրել է արտահանման անկման 0.6 տոկոսով։
Այս տարի ես միջազգային փորձագետների կազմում գիտական թեմա գրեցի. Փոխարժեքն ու տնտեսական աճը։ Մենք ուսումնասիրեցինք 40 երկիր։ Չկա մի դեպք, երբ ազգային արժույթը արժևորվեր դոլարի նկատմամբ և այդ երկրի աճի տեմպն ավելի բարձր լիներ, քան ԱՄՆ-ն։ Միակ բացառությունը շվեդական կրոնինն էր։
Այսպիսով, 2002-2009 թթ դրամի արժևորումը Հայաստանը դուրս դրեց համաշխարհային տնտեսության մրցակցաբեմից։ Նույնը բանկերի գլխի տակից փափուկ բարձերը հանելու առումով։ 2009-ին ՀՀ տնտեսությունը կրճատվեց 15 տոկոսով։ Որևէ բանկ տուժե՞ց։ Բոլոր հոխորտում էին հայրենական բանկային համակարգի կայունության թեմայով։ Մեկն ասեց, թե սպասեք, եթե ձեր մոտ պահուստավորման նորմատիվներն այնպիսին են, որ բացառվում է, որ ճգնաժամի ժամանակ բանկերը տուժեն, ուրեմն տնտեսական ռիսկերը միայն արտադրողների վրա են։ Եվ իրոք, ՀՀ բանկային համակարգում ռիսկայնություն չկա։ Լավ աշխատեն, թե վատ բանկերը, վճարողը տնտեսության իրական հատվածն է. արդյունաբերություն, գյուղատնտեսություն, շինարարություն և այլն։ Կամ 2009-ի մարտին դրամը գահավիժեց։ Ասացեք խնդրեմ, այդ ո՞ր բանկը ո՞ր դրամային ավանդը ինդեքսավորեց։ Հանրապետության դատախազն, օրինակ, ավանդատու բնակչության անունից որևէ հայտարարություն արե՞ց։

- Փաստորեն Հայաստանում ազատ փոխարժեք կնշանակի ԿԲ միջամտություն, իսկ կարգավորված փոխարժեքն այդ միջամտության բացակայությունն է։
- Միանգամայան իրավացի եք։

- Իսկ ի՞նչ են մտածում մեր երկրում միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչները։
- Ի՞նչ պիտի մտածեն։ Նրանց մեծ մասը նորմալ, Հայաստանի իրական հոգսերով ապրող մարդիկ են։ ԱՄՀ այնպիսի ներկայացուցիչներ, ինչպիսիք են Սյուզան Ջոնսը, Ջորջ Անայոտոսը, Մոհամադ Շադման Վալավին, Դոնալդ Դոնովանը, Տանոս Կացամբասը, Լուիս Վալդիվիեզոն և այլք շնորհակալ գործ են արել մեզ համար։ Կան նաև այնպիսիք, որոնք ըստ իս լավ չեն հասկացել խնդիրը։ Օրինակ, Ջիմմի Մեքյուն հայտարարում էր, որ դրամի արժևորման պատճառը ՀՀ տնտեսության մեջ աշխատանքի արտադրողականության բարձրացումն է։ Հետագայում բարեբախտաբար ԱՄՀ որևէ այլ ներկայացուցիչ “այդ միտքը” չկրկնեց։ Հստակ ընկալվեց, որ արժևորման պատճառը տրանսֆերտներն են։ Նինկե Օմեսը նույնպես շատ լավ չէր հասկանում գործերի վիճակից։ Օրինակ, հուզիչ մի գրախոսական էր գրել մի գրքի համար (թե քո ի՞նչ գործն էր )։ Ավելի ուշ պարզվեց, որ գիրքն արտագրված է։ Այնպես որ, եթե մի կողմ թողնենք այս երկու մարդկանց զավեշտալի արարքներն, ապա ԱՄՀ ներկայացուցիչների ճնշող մեծամասնությունը շատ դրական գործ է արել և համարժեք գնահատականներ տվել կառավարության ու ԿԲ գործունեությանը։ Իսկ ընդհանրապես եկեք մեկընդմիշտ հիշենք, ՀՀ տնտեսությունը կարգի բերելը նախևառաջ մեր գործն է։

No comments: