Saturday, August 13, 2011

Ադրբեջանի տարածքային պահանջը պետք է «բավարարենք»՝ հետ վերցնելով Նախիջևանը. Շիրխանյան

Tert.am. 12-8-2011- Հայաստանն ու հայությունն ունեն երկու խնդիր՝ Արցախի ճանաչումը և 20-ամյա ճգնաժամի հաղթահարումը։ Այսօրվա ասուլիսին նման կարծիք հայտնեց ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Վահան Շիրխանյանը:
««Կարգավիճակ տարածքների դիմաց» բանաձևը մեր վզին փաթաթվել է յուրայինների և օտարների միջոցով։ Մենք այդ բանաձևը պիտի դարձնենք «Տարածքների համարժեք փոխանակում»»,- ասաց նա։ Ըստ Շիրխանյանի՝ Հայաստանը Ադրբեջանի տարածքային պահանջը պիտի «բավարարի»՝ հետ վերցնելով Նախիջևանը, ինչը սկիզբ կդնի Հայաստանի զարգացմանը։
Շիրխանյանը նշեց, որ պատմական, իրավական հիմքեր շատ են եղել, նախադեպեր շատ են եղել, և դա որոշակի տարածքներում հաստատել է խաղաղություն։ «Եթե ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն օժանդակեն, այլևս ոչ մի խնդիր չի լինի։ Եկեք համարենք, որ սա շատ ֆանտաստիկ գաղափար է։ Բայց 25 տարի առաջ ամենամեծ ուտոպիան Խորհրդային միության փլուզումն էր»,- նշեց նա։
Անդրադառնալով սոցիալ-տնտեսական խնդիրներին՝ Շիրխանյանն ասաց, որ անկախությունը միայն բազմապատկել է դրանք։ Ըստ նրա՝ 20 տարվա ընթացքում Հայաստանի բնակչության թիվը կրկնակի նվազել է, անկում են ապրել գիտությունն ու կրթությունը, իսկ շուկայական համակարգի ներդրումը՝ «տնտեսության անտերացումը», սկիզբ դրեցին Հայաստանի քայքայման։ «Մինչ օրս դա խորանում է. ելքը մեկն է. պետք է հրաժարվել լիբերալ համակարգից և ներդնել սոցիալ-դեմոկրատական համակարգ. պետք է կատարել ոչ թե համակարգային, այլ՝ համակարգի փոփոխություն»,- ասաց նա։

No comments: