Saturday, August 6, 2011

Որքա՞ն աշխատավարձ են ստանում հայաստանյան պաշտոնյաները

News.am. 5-8-2011- Ազգային մրցունակության հիմնադրամի ղեկավարն ստանում է 6,2մլն դրամ, ԿԲ նախագահը` 1,35 մլն դրամ, ֆինանսական հաշտարարը` 1,2 մլն հազար դրամ, իսկ ահա Հայաստանի նախագահը` 400 հազար դրամ: NEWS.am-ը փորձել է պարզել, թե Հայաստանում պաշտոնյաներից ո՞վ ինչքան աշխատավարձ է ստանում, որի արդյունքները բավականին հետաքրքիր են ստացվել:

Սահմանադրական դատարանի նախագահը եւ օմբուդսմենը եւս նախագահից բարձր աշխատավարձ են ստանում
Մեր երկրում օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնական աշխատավարձերը սահմանվում են օրենքով: («ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» օրենք): Ըստ այդ օրենքի` ՀՀ նախագահի աշխատավարձը 400 հազար դրամ է, ԱԺ նախագահի, վարչապետի աշխատավարձերը` 340 հազար դրամ, պատգամավորինը, նախարարինը եւ Երեւանի քաղաքապետինը` 300 հազարական դրամ է, մարզպետինը` 230 հազար դրամ:
Հանրապետության առաջին դեմքից բարձր աշխատավարձ է ստանում Սահմանադրական դատարանի նախագահ` 680 հազար դրամ եւ Սահմանադրական դատարանի անդամները` 600 հազար դրամ: Վերջերս Կառավարությունը ԱԺ էր ներկայացրել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» եւ «ՀՀ դատական օրենսգրքում լրացում», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերը, որոնցով ՄԻ պաշտպանն իր կարգավիճակով հավասարեցվում է պատգամավորներին, իսկ աշխատավարձով` ՍԴ նախագահի աշխատավարձին` այդպիսով ստանալով 680 հազար դրամ:

ԿԲ նախագահի աշխատավարձը 1,345.500 դրամ է
Հայաստանի Կենտրոնական բանկից մեր գրավոր հարցմանն ի պատասխան` հայտնեցին, որ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի աշխատավարձը 1,345.500 դրամ է, ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանինը` 1,166.100 ՀՀ դրամ (նա, ի դեպ, Էկոնոմիկայի նախկին նախարարն էր եւ պաշտոնապես ստանում էր 300 հազար դրամ), իսկ ԿԲ խորhրդի անդամներինը` 986.700 դրամ: Ինչ վերաբերում է ՀՀ Կենտրոնական բանկի միջին ամսական աշխատավարձին, ապա այն 2010թ. կազմել է 403.000 դրամ: Նշենք, որ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի, նրա տեղակալի եւ խորհրդի անդամների ամսական աշխատավարձերը սահմանվել են համաձայն «ՀՀ Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի, ըստ որի պետք է ապահովվի ԿԲ համապատասխան աշխատակիցներին ՀՀ բանկային համակարգում վարձատրության միջին չափին համապատասխան աշխատավարձ:

Որքա՞ն աշխատավարձ են ստանում բանկերում
Կենտրոնական բանկից NEWS.am-ին հայտնեցին, որ ՀՀ տարածքում գործող բանկերի ղեկավարների միջին աշխատավարձը 2011թ. հունիսի դրությամբ, կազմում է մոտ 5,16 մլն դրամ: ՀՀ բանկային համակարգի միջին ամսական աշխատավարձը 2010թ. կազմել է 458.000 դրամ: Նշենք, որ առեւտրային բանկերի գործադիր տնօրենների աշխատավարձերը համարվում են առեւտրային գաղտնիք եւ նրանք դա չեն հրապարակում: Մեր ունեցած տվյալներով` բանկերի գործադիր տնօրենների աշխատավարձերը կազմում է 1,5-2 մլն դրամ: Դրանից բացի` առեւտրային բանկերն ունեն բոնուսային համակարգ, որը հրապարակային չէ եւ չի կարգավորվում որեւէ նորմատիվով: Ի դեպ, զարգացած երկրներում այժմ քննարկվում է բանկերի բոնուսային համակարգը օրինականացնելու հարցը:

Ֆինանսական հաշտարարը 1,2 մլն դրամ աշխատավարձ է ստանում
Ֆինանսական հաշտարարի գրասենյակից մեր գրավոր հարցմանն ի պատասխան` հայտնեցին, որ ներկայումս հաշտարարի աշխատավարձը կազմում է 1,2 մլն դրամ: Իսկ հաշտարարի գրասենյակում միջին աշխատավարձի չափը կազմում է մոտ 252 հազար դրամ: Նշենք, որ հաշտարարի աշխատավարձը սահմանվում է Հոգաբարձուների խորհրդի կողմից: Համաձայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի հոդված 6-ի` Ֆինանսական համակարգի հաշտարարի վարձատրությունը չպետք է պակաս լինի բանկային համակարգում վարձատրության միջին չափի եռապատիկից:
Հիշեցնենք, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը ստեղծվել է 2008թ հունիսի 17-ին ընդունված «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի համաձայն: Այն սկսել է իր մասնագիտական գործունեությունը 2009 թվականի հունվարի 24-ից: Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն անկախ կառավարման համակարգով կառույց է, որի հիմնադիրն է ՀՀ կենտրոնական բանկը:
Գրասենյակի ֆինանսավորումն իրականացնում են կազմակերպությունները` գրասենյակի օգտին կատարվող պարտադիր վճարների միջոցով, որոնք մուտքագրվում են հատուկ այդ նպատակով ԿԲ-ում վարվող հատուկ հաշվին, օրինակ` բանկեր, վարկային կազմակերպություններ, ապահովագրական ընկերություններ, գրավատներ, արտարժույթի առքուվաճառք իրականացնող անձինք եւ այլն: Հաշտարարի գրասենյակը կոչված է լուծելու ֆիզիկական անձ սպառողների եւ ֆինանսական կազմակերպությունների միջև ծագած գույքային վեճերը: Հաշտարարի ծառայություններն անվճար են:

ՊԵԿ-ի «անպատասխան պատասխանը» NEWS.am-ի հարցմանը
Պետական եկամուտների կոմիտեից NEWS.am-ին հայտնեցին, որ 2011թ հարկային եւ մաքսային ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը կազմում է 55, 500 դրամ: ՊԵԿ նախագահի աշխատավարձի չափը որոշվում է մաքսային ծառայության բազային պաշտոնային դրույքաչափը բազմապատկելով 7,1 գործակցով` առանց հաշվի առնելու մաքսային ծառայության ստաժը:
«Ինչ վերաբերում է ՊԵԿ նախագահին տրամադրվող հավելավճարներին, ապա վերջինս իրականացվում է «Մաքսային ծառայության մասին» օրենքի 41,1 հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետին համապատասխան, որի չափը որոշվում է «Մաքսային ծառայության գեներալ-մայոր» կոչման համար մաքսային ծառայության բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ 32 տոկոսի հաշվարկով»:
Ահա այսպիսի պատասխան էր ուղարկել ՊԵԿ-ը մեր գրավոր հարցմանը առ այն, թե որքան է կազմում ՊԵԿ-ի նախագահի եւ տեղակալների աշխատավարձը, այդ թվում` պարգեւատրումներն ու հավելավճարները: Տեղակալների աշխատավարձի վերաբերյալ եւս նրանք մեզ ուղարկել էին օրենքի հղում` առանց նշելու որեւէ թիվ, իսկ միջին աշխատավարձի վերաբերյալ ներկայացրել էին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության «ՊԵԿ աշխատողների թվաքանակի եւ աշխատավարձի մասին» պետական վիճակագրական հաշվետվության պատճենը, այնինչ մենք նրանից ընդամենը երեք թիվ էինք խնդրել:ՊԵԿ-ի այս անպատասխան պատասխանի առթիվ զանգահարեցինք նրանց մամուլի ծառայություն` խնդրելով տրամադրել մեր հարցման բուն պատասխանը, բայց նրանք ասացին, որ պատասխանը դա է: Ի դեպ, սա ՊԵԿ-ի գործելաոճի մի մասն է կազմում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ը հարցում էր արել առ այն, թե ՊԵԿ-ը պայմանագիր կնքե՞լ է «Toyota Երեւանի»-ի հետ, թե՞ ոչ, ինչին նրանք այդպես էլ չպատասխանեցին ողջամիտ ժամկետում: Անշուշտ, մենք անդրադարձանք ՊԵԿ-ի` տեղեկատվություն տրամադրելու ժամկետները խախտելու սովորությանը, բայց դա էլ չօգնեց, մեր հարցումը մնաց անպատասխան: Հիմա պետք է ուրախանա՞նք, որ գոնե այս հարցմանը մի «անպատասխան պատասխան» են ուղարկել:
Ի դեպ, նշենք, որ վերջերս մեծ աղմուկ էր առաջացել Ազգային մրցունակության հիմնադրամի ղեկավարի 6,2 մլն դրամի հասնող աշխատավարձի շուրջ: Նշենք, որ Ազգային մրցունակության հիմնադրամը ստեղծվել է «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքով, հիմնադիրը կառավարությունն է: Իր հարցազրույցներից մեկում նախկին ղեկավար Բեկոր Փափազյանը նշել էր, որ կառույցը ֆինանսավորում է կառավարությունը եւ մասնավոր սեկտորը` 50/50 սկզբունքով: Բյուջեից հատկացվում է մոտ 240 մլն դրամ, այսինքն` մոտ 650 հազար դոլար, նույնքան էլ` մասնավորից, այսինքն` մոտ 1,3 մլն դոլար: Միջին աշխատավարձը մրցունակության հիմնադրամում մոտ 290.000 դրամ է:
Պատրաստեց Ինգա Մարտինյանը

No comments: