Monday, August 22, 2011

Իշխող դասին տաշի-տուշի է պետք

«Լրագիր» 22-8-2011- Հայաստանում ավարտվեցին հինգերորդ Համահայկական խաղերը: Զուտ մարզական առումով, այդ խաղերում հետաքրքրություն թերեւս ներկայացնում է միայն բասկետբոլի մրցաշարը, որտեղ հնարավոր է ականատես լինել քիչ թե շատ դիտարժան մակարդակի պայքարի:
Այլ մարզաձեւերում գրեթե բոլորի մոտ գերիշխողը “կարեւորը մասնակցությունն” է տրաֆարետն է: Ինչու “տրաֆարետ”: Որովհետեւ այսպես ասած օլիմպիական համարվող այդ կարգախոսը իրականում վաղուց է վերածվել զուտ ձեւականության, եւ օլիմպիական խաղերը դարձել են արդեն ոչ թե միայն մարզիկների կամ թիմերի, այլ պետությունների եւ նույնիսկ հասարակարգերի եւ քաղաքակրթությունների պայքարի հարթակ: Հիմա միայն թույլերն են կիրառում “կարեւորը մասնակցությունն” է կարգախոսը, քանի որ մասնակցելուց ավելի ուրիշ բանի ընդունակ չեն:
Համահայկական խաղերի մասնակիցների գերակշիռ մասը թերեւս մասնակցելուց բացի որեւէ այլ բանի ընդունակ չէ սպորտում, հետեւաբար թերեւս ճիշտ կլինի համահայկական խաղեր արտահայտությունը վերցնել չակերտների մեջ, որպես միջոցառման ընդամենը վերնագիր, ոչ թե ուղենշող անվանում:
Իսկ բուն միջոցառման նպատակը բոլորովին այլ է, ընդ որում դժվար է ասել, թե ինչ: Եթե այն ունի զբոսարշջային նպատակ, ապա հազիվ թե ձեռնարկը հնարավոր լինի համարել հաջողված: Չէ որ խաղերը անցկացվում են չորս տարին մեկ, եւ դրանց էլ գալիս է ընդամենը մի երկու-երեք հազար մարդ: Չորս տարին մեկ երկու-երեք հազար մարդ Հայաստան բերելը հազիվ թե հնարավոր լինի զբոսաշրջային լուրջ նպատակ համարել: Իսկ եթե դա նպատակ է, ապա հազիվ թե հնարավոր է լուրջ համարել Հայաստանի զբոսաշրջային հավակնությունները:
Եթե համահայկական խաղերի նպատակը համազգային համախմբումն է, ապա դա էլ թերեւս բավական լղոզված նպատակ է, որովհետեւ հազիվ թե հայ ազգը ներկայում ավելի համախմբված է, քան ասենք մինչ համահայկական խաղերի անցկացումը: Այո, մի քանի հազար հայ հավաքվում է, լավ ժամանակ է անցկացնում, թեեւ մեկ մեկ էլ կռվում ու ծեծում են իրար խաղերի ժամանակ, բայց դա էլ շատերի համար լավ ժամանակ անցկացնել է, հետո լսում են մեր շոու “աստղ-աստղուհիներին”, պարում են, երգում, աղմկում: Վայ էն ազգին, որի համախմբումն ու միասնականությունը տեղի է ունենում այդ ձեւի եւ բովանդակության շրջանակում:
Ինչ են տալիս այդ տարատեսակ միջոցառումները Հայաստանին, սփյուռքին, Ղարաբաղին: Լավ, մի քանի հազար զբոսաշրջիկ եկան, մի քանիսին էլ գուցե համոզեցին ու գայթակղեցին, որ գան հաջորդ տարի կամ հաջորդ խաղերին: Մի քիչ փող ծախսվեց Հայաստանում կամ Ղարաբաղում, իշխանական բիզնեսները մի քիչ շահույթ ստացան: Հետո՞: Ի՞նչ են ստանում Հայաստանը եւ Ղարաբաղը ռազմավարական իմաստով: Չէ՞ որ սփյուռքը ռազմավարական ռեսուրս է, հետեւաբար դրա օգտագործման արդյունավետությունը պետք է չափել ռազմավարական նշանակության արդյունքներով: Ի՞նչ է ստանում սփյուռքը երկու հայկական պետություններից, ի՞նչ հետք են թողնում այդ տարատեսակ խաղերն ու “տուն արի”-ները սփյուռքում, որը բազմաշերտ է, բազմերանգ, եւ որի ահռելի մասը դուրս է մնում այդ ծրագրերից: Ընդ որում, դուրս է մնում օբյեկտիվորեն, քանի որ տարատեսակ զվարճա-ժամանցային նախաձեռնություններն օբյեկտիվորեն ի զորու չեն ներառել սփյուռք հասկացությունն ըստ էության:
Ժամանակն է լրջանալ: Ժամանակն է, որ ազգը համախմբվի լրջության լուրջ: Ժամանակն է, որ Հայաստանը, Ղարաբաղն ու սփյուռքն իրականացնեն շատ ավելի մասշտաբային եւ ռազմավարական ծրագրեր, ու փողերը, էներգիան ծախսվեն այդ ծրագրերի վրա, քան այն համազգային տաշի-տուշիները, որոնց առատությունն ուղիղ համեմատական է ասենք Հայաստանից արտագաղթի տեմպին` ինչքան աճում է արտագաղթը, այդքան համազգային տաշի-տուշիներն են աճում:
Բայց, ըստ երեւույթին, Հայաստանի եւ Ղարաբաղի ներկայիս իշխող դասը ի զորու չէ առավել լուրջ ծրագրեր, միասնական աշխատանքի առավել լուրջ գաղափարներ հղանալ: Այդ դասին դրանք գուցե պետք էլ չեն: Պետք են հենց տաշի-տուշիներ, որոնց աղմուկը հնարավորինս կխլացնի առավել լուրջ խնդիրների քննարկումների ձայնը:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: