Saturday, August 6, 2011

Սերժ Սարգսյանի վերջին, թե հերթական հյուրը

«Լրագիր» 5-8-2011- Հոկտեմբերին Հայաստան կգա Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին: Դեռ մի քանի ամիս առաջ այդ այցի հավանականության մասին տեղեկություն տարածեց Հայաստանի ԱԳՆ-ն, հայտնելով, որ մայիսին Ֆրանսիա կատարած այցի ընթացքում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը քննարկել է Սարկոզիի Հայաստան կատարելիք այցի հարցը: Սակայն, ժամկետի մասին պաշտոնական հաղորդագրության մեջ չկար ոչինչ:
Հոկտեմբերը հետաքրքիր ժամկետ է: Հայ ազգային կոնգրեսը հենց այդ ամիսն է ընտրել արտահերթ ընտրություն պահանջելու համար, ներքաղաքական երկխոսության օրակարգում դնելով հոկտեմբերի կեսին արտահերթ ընտրություն անցկացնելու պահանջը:
Ինչ առաքելություն է ստանձնելու Սարկոզին այդ գործընթացում: Նա գալու է Սերժ Սարգսյանին ճանապարհ դնելո՞ւ, թե պաշտպանելու: Սարկոզին լինելու է Սարգսյանի վերջի՞ն, թե հերթական հյուրը: Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե կասկած չունի, որ աշնանը` սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին տեղի է ունենալու Հայաստանի ներքաղաքական կյանքի հանգուցալուծում: Ի՞նչ դեր եւ մասնակցություն է ունենալու Սարկոզին այդ հանգուցալուծման գործում:
Արդյոք նա գալիս է հանգուցալուծումը վավերացնելու, թե պարզապես գալիս է հանգուցալուծման կարեւոր ժամանակահատվածում վերահսկողություն իրականացնելու համար եւ տարերային կամ քաոսային զարգացումներ թույլ չտալու համար, երբ կողմերից մեկը կամ մյուսը կարող են ոգեւորվել եւ կորցնել ժամանակի զգացողութունը:
Սարկոզին թերեւս գալիս է որպես ժամանակ, կամ ժամացույց, կամ գուցե որպես ժամանակացույց:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: