Monday, August 8, 2011

Ադրբեջանի հետ ԼՂ-ի վերամիավորումը կոտնահարի միջազգային իրավունքի սկզբունքները. «Իլ Դեմոկրատիկո»

Tert.am. 8-8-2011- Իտալական համացանցային «Իլ Դեմոկրատիկո» օրաթերթը հրապարակել է լրագրող Արմանդո Պասկալեի` Արցախին նվիրված «Չկազմված մի պետության պատմություն. իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» հոդվածը:
Հոդվածում, անդրադառնալով Կոսովոյի անկախության ինքնահռչակմանը և Հարավային Սուդանի համաժողովրդական հանրաքվեով վավերացված անկախությանը, լրագրողը հաստատում է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման անհրաժեշտությունը միջազգային հանրության կողմից:
Հրապարակման մեջ նշվում է, որ Ղարաբաղը դեռևս նախաքրիստոնեական ժամանակներից բնակեցված է եղել հայերով, և հետևաբար, եղել է Հայաստանի անբաժան մասը: Բաքուն վարել է պատմականորեն հայկական տարածքները բռնի ադրբեջանականացնելու քաղաքականություն, գիտակցաբար թուլացրել է հայկական գյուղերի տնտեսությունը, խրախուսել բնակիչների արտագաղթը տարածաշրջանից, հայերի դեմ իրականացրել բռնություններ:
Իտալացի լրագրողն ընդգծում է, որ Ղարաբաղը, ճանաչված չլինելով հանդերձ, ներկայումս ունի ինքնիշխան պետության բոլոր հատկանիշները` խորհրդարան, սեփական կառավարություն և բյուրոկրատիա, և որ Ադրբեջանի հետ նրա վերամիավորումը կոտնահարի միջազգային իրավունքի սկզբունքները ինքնիշխանության ճշմարտության վերաբերյալ:

No comments: