Monday, August 8, 2011

Թուրքիայում հայերի նոր սերունդն առավել վստահ է բացահայտում իր ինքնությունը

Tert.am. 8-8-2011- Թուրքիայի Դերսիմ նահանգում ում հուլիսի 27-31-ը անցկացված «Մնձուրի՝ բնության և պաշտամունքի» փառատոնն ու հայաստանյան «Մարաթուկ» համույթի ելույթը հայ ինքնությունն արթնացնելու նպատակ ունեին այն մարդկանց մեջ, ում ծնողները կամ պապերը ստիպողաբար կրոնափոխ եղած հայեր են, որ ապրում են՝ որպես զազա։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի» ղեկավար Հայկազուն Ալվըրցյանը։ «Որքան ուզում է գրքեր գրենք, քարոզչություն անենք, սակայն նման մի այցելությունը, համերգաշարը շատ ավելի մեծ աշխատանք է կատարում նրանց ինքնությունը բացահայտելու, նրանց մեջ կարծրատիպերը կոտրելու առումով»,- նշեց նա։
Բանախոսը նշեց, որ հայկական ազգագրական երգերն ու պարերը, մշակութային այլ արժեքներ զազայական և քրդական մշակույթների հետ այնքան նմանություններ ունեն, որ դժվար է հստակ սահմանագծեր դնել, թե որն է ճշգրիտ հայկական, որը՝ զազայական, և դրա պատճառներից մեկն էլ, ըստ Ալվըրցյանի, այն է, որ զազաների մեծ մասը հիմա հայեր են։ «Մենք ունենք շատ ընդհանրություններ ոչ միայն մշակութային, այլև՝ վարվեցողական նույնություններ։ Եվ սա փաստ է, որ մենք պահպանում ենք մեր մշակութային արժեքները, դժվար ենք փոխում մեր ազգային դիմագծերը»,- ասաց նա։
Ըստ Ալվրցյանի՝ նոր սերունդը վստահ բացահայտում է իր ինքնությունը, մինչդեռ հին սերունդը դեռ վախենում է խոսել իր հայկական արմատների մասին։ «Մի կին կար, ում ամբողջ ընտանիքն ասում էր, որ հայ է, միայն ինքը պնդում էր, թե զազա է,- պատմեց Ալվըրցյանը,- ասում էին՝ այ մայրիկ, ոնց կարող է՝ քո հայրն ու մայրը հայ են եղել, դու՝ չէ։ Ասում էր՝ չէ ու չէ, ես հայ չեմ. վախենում էր խոսել իր հայ ինքնության մասին»։

No comments: