Saturday, August 6, 2011

Ո՞վ է արգելել ադրբեջանցի փորձագետներին հարցազրույց տալ հայկական լրատվամիջոցներին

News.am. 6-8-2011- Ադրբեջանցի փորձագետներին արգելված է հարցազրույց տալ հայկական լրատվամիջոցներին: Նման եզրահանգման է եկել NEWS.am-ի թղթակիցն այն բանից հետո, երբ մի քանի ժամ շարունակ փորձում էր զանգահարել շուրջ տասնյակ ադրբեջանցի փորձագետների:
Ուշագրավ է, որ տարբեր տեսակի պատճառաբանությունների շարքում, ինչպիսիք են «Նա տեղում չէ, հայտնի չէ, թե որտեղ է, չգիտեմ նրա բջջայինի կամ տան հեռախոսահամարը, նա արձակուրդ է գնացել, հայտնի չէ` երբ կվերադառնա... » եւ այսպես շարունակ, ի վերջո, փորձագետներից մեկը թղթակցին տվել է առավել անկեղծ եւ պարզ պատասխան. «Շնորհակալ եմ ցուցաբերված հետաքրքրության համար, բայց ես հարցազրույց չեմ տալիս»: Սրանք Ադրբեջանի դիվանագիտության ակադեմիայի արտաքին քաղաքականության ծրագրերի տնօրեն Ֆարիզ Իսմայիլզադեի խոսքերն են:
Այն հարցին թե «ինչու՞ բարեկամական մթնոլորտում կարճ եւ հետաքրքիր զրույց չունենանք մեզ հետաքրքրող հարցերի շուրջ», Իսմայիլզադեն պատասխանել է. «Չեմ կարող, մենք այդպիսի դրվածք ունենք»:
Հետաքրքրական է, որ ադրբեջանական եւ միջազգային լրատվամիջոցներն ուղղակի լի են Իսմայիլզադեի հետ հարցազրույցներով ու տարաբնույթ նյութերով:
NEWS.am. «Ես ճի՞շտ եմ հասկանում, ձեզ արգելվա՞ծ է հարցազրույց տալ հայերին»
Ֆարիզ Իսմաիլզադե. «Դե, այո...»:
Մեկնաբանությունները թողում ենք ընթերցողներին...

No comments: