Saturday, August 6, 2011

Ահմեդ Դավութօղլուն հաստատել է թուրք-սիրիական սահմանում իրանական զենքի առգրավման մասին լուրը

Panorama.am. 6-8-2011- Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հաստատել է այն տեղեկատվությունը, համաձայն որի` Թուրքիայի անվտանգության ուժերը թուրք-սիրիական սահմանում առգրավել են մեկ բեռնատար մեքենա, որը իրանական զենքի խմբաքանակ էր տեղափոխում Սիրիա:
Այդ մասին հաղորդում է պարսկալեզու «ռադիոֆարդա.քոմ» կայքը` հղում կատարելով «Ռոյթերզ» գործակալությանը:
Թուրքիայի արտգործնախարարը, մասնավորապես, նշել է. «Մենք ունենք այդպիսի տեղեկատվություն, այժմ համապատասխան քննություն է ընթանում, և որոշակի ժամանակ անց դեպքի մանրամասների առնչությամբ համապատասխան պարզաբանումներ կտրվեն»:
Հիշեցենենք, որ օգոստոսի 4-ին իրանական «ասրիրան.քոմ» կայքը, հղում անելով գերմանական «Süddeutsche Zeitung» օրաթերթի դիվանագիտական աղբյուրներին, նշել էր, որ Թուրքիան թուրք-սիրիական Քիլիս սահմանային շրջանում առգրավվել է իրանական զենքի մի խմբաքանակ, որը տեղափոխվում էր Սիրիա:

Իսկ մինչ այդ, ս.թ. մարտի 20-ին իրանական բեռնատար ինքնաթիռը, որը Թուրքիայի տարածքով թռչում էր Սիրիա, թուրքական կողմի պահանջով հարկադիր վայրէջք էր կատարել Դիարբեքիրի օդանավակայանում:

Նշենք, որ Իրանն ու Թուրքիան Սիրիայի ներքաղաքական խնդիրների շուրջ տարբեր մոտեցումներ ունեն: Իրանական մամուլը և փորձագիտական շրջանակները վերջին շրջանում ակտիվորեն քննարկում են սիրիական հարցում թուրք-իրանական հարաբերություններում առկա տարաձայնությունների թեման:

Ս.թ. հուլիսի 18-ին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը մի հոդված էր հրապարակել, որտեղ իրանցի վերլուծաբան Ռեզա Գարմաբադրին գրել էր. «Եթե Թուրքիայի իշխանությունները շարունակեն ներկայիս քաղաքականությունը, որը տանում է դեպի լարվածության մեծացում, և այն պարագայում, որ Իրանը ստիպված լինի ընտրություն կատարել Թուրքիայի և Սիրիայի միջև, ապա ռազմավարական և առաջնային շահերի տրամաբանությունից ելնելով` Իրանը նախապատվությունը կտա Սիրիային»:

No comments: