Wednesday, August 17, 2011

Թուրք մեսխեթցիների փաստաթղթերը ոչնչացվել են

Tert.am. 17-8-2011- Ամերիկյան փոստային UPS ընկերությունը սխալ տեղ է առաքել մեսխեթցի թուրքերին վերաբերող 15 արկղ պատմական փաստաթղթերը, որտեղ էլ դրանք ոչնչացվել են։ Ինչպես տեղեկանում ենք թուրքական todayszaman.com կայքից, այդ փաստաթղթերը, որ Թուրքիայի Հասարակական աշխատանքների նախարարությունն ուղարկում էր Թուրքիայի պետական արխիվների գլխավոր վարչություն, սխալմամբ հասցվել են Էրգազիում գտնվող մակուլատուրա հանձնելու բաժանմունք, որտեղ էլ դրանք ոչնչացվել են։
Փաստի առնչությամբ հետաքննությունն էր սկսվել, նախարարությունը, սակայն, հայտարարել էր, որ միջադեպի համար ոչ թե ինքն է պատասխանատու, այլև Պետական արխիվների գլխավոր վարչությունը։ Մեղավորին պարզելու համար դատական փաստաթղթերն ուղարկվել են երկրի վարչապետին։
Հաղորդվում է, որ ոչնչանցված փաստաթղթերի մեծ մասը վերաբերում էր այն թուրք մեսխեթցիներին, որոնք Թուրքիա էին գաղթել 1920–30–ական թթ։
Մեսխեթցիները կամ թուրք մեսխեթցիները թյուրքալեզու մահմեդականներ են, որոնք ավանդաբար բնակվել են Խորհրդային Վրաստանի հարավային շրջանում, որը որոշ աղբյուրներում Մեսխեթ է անվանվում։
1944թ. ԽՍՀՄ պաշտպանության կոմիտեի որոշմամբ` թուրք մեսխեթցիները, որպես գերմանացի ֆաշիստներին համակրող, թուրքական հատուկ ծառայությունների հետ համագործակցող, Վրաստանի Ադիգենի, Ախալցխայի, Ասպինձայի շրջաններից բռնությամբ արտաքսվել են դեպի Կենտրոնական Ասիա: Ներկայում աշխարհում թուրք մեսխեթցիների թիվը 500 000–ի է հասնում։
Մեսխեթցիները մեծ թիվ են կազմում հատկապես Ադրբեջանում, Ղազախստանում, Ռուսաստանում, Ղրղըզստանում, Ուզբեկստանում:

No comments: