Wednesday, August 17, 2011

Մոսկվան կհրաժարվի՞ միջնորդությունից

«Լրագիր» 17-8-2011- Այն տեղեկությունը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների գալիք գագաթնաժողովին, մի շարք հարցեր է առաջացրել: Ինչպես գրում է «Նեզավիսիմայա գազետան», դա առիթ է տվել ենթադրելու, որ Ալիևը դեմարշ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերջին իրադարձությունների պատճառով: Ասում են, որ Բաքուն դժգոհ է միջնորդների դիրքորոշումից, մասնավորապես, որ նրանք չեն ցանկանում ճնշում գործադրել Հայաստանի վրա:
Հայ դատի Երևանի գրասենյակի ղեկավար, ՀՅԴ անդամ Կիրո Մանոյանը ենթադրել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հրաժարվել են ընդունել Մեդվեդևի առաջարկները ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ: Մինչ այդ, փորձագետները ենթադրություններ էին անում, թե նախագահներից ով է մերժել առաջարկները: Հայաստանի ղեկավարությունը հայտարարել է, որ աջակցում է նախագծին` առանց Բաքվի առաջակությունների, որոնց, կարծես թե, Ռուսաստանը հավանություն է տվել:
Մոտակա տարիների ընթացքում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հավանականության մասին զուսպ են խոսում անգամ ամենալավատեսները: Իրավիճակը խորանում է այն պատճառով, որ միջնորդ երկրներում ընտրություններ են սպասվում: Բացի այդ, լուրջ իրադարձություններ են հասունանում նաև Մերձավոր Արևելքում: Չի բացառվում թուրքական զորքերի ներխուժումը Սիրիա, Իրանի ներգրավումը հակամարտությանը և աշխարհագրական սահմանների փոփոխություն: Այդ իրավիճակում Ղարաբաղում ցանկացած փոփոխություն կարող է խախտել հաշվարկները: Այդ պատճառով, Ղարաբաղը կարծես թե «հետո»-ին են թողել:
Ասենք, ղարաբաղյան կարգավորման վերջին աշխուժացումն ի սկզբանե արհեստական էր` կողմերը ստատուս-քվոն փոխելու հստակ ցանկություն ցույց չեն տալիս: Արևմուտքը նույնպես շահագրգռված չէ դրանով, և միայն Ռուսաստանը, որը ցանկանում է բարեկամանալ Թուրքիայի հետ, ինչ-որ նախաձեռնություններ է առաջարկում: Թուրքիան, իմանալով տարածաշրջանի արմատական վերաձևման նախագծի մասին, որոշել է նախօրոք “գրպանը դնել” Ղարաբաղը, որպեսզի հետո այն չշեղի իրեն:
Երեւում է, Մոսկվան, բախվելով հակամարտության կողմերի ու Արևմուտքի ցանկության բացակայությանը, որոշել է հրաժարվել ակտիվ միջնորդությունից: Ռուսաստանը կարող է արդարանալ Թուրքիայի առաջ և ասել, որ իրենից կախված ամեն ինչ արել է Հայաստանին զիջում պարտադրելու համար: Թուրքիայի համար էլ արդեն ուշ է Ղարաբաղի հարցով ինչ-որ բան փոխել:

No comments: