Wednesday, August 17, 2011

Ադրբեջան. նախկին նախագահի վերադարձը

«Լրագիր» 17-8-2011- Այազ Մութալիբովին թույլատրվեց վերադառնալ Ադրբեջան՝ որդու հուղարկավորման համար, սակայն նախագահ Իլհամ Ալիևի որոշումը՝ անձեռնմխելիության տրամադրման վերաբերյալ, զարմանք է առաջացնում:
Ադրբեջանի առաջին նախագահը, ով ընտրվել էր 1991 թվականին, 19 տարվա արտաքսումից հետո այս շաբաթ վերադարձավ հայրենիք, այն բանից հետո, երբ գործող նախագահ Իլհամ Ալիևը երաշխավորեց նրա անձեռնմխելիությունը: Սակայն քաղաքական շատ դիտորդներ այդ քայլը համարում են չմտածված և հակաօրինական:
73-ամյա Այազ Մութալիբովին թույլատրվեց ներկա գտնվել իր 49-ամյա որդու՝ Ազադի, հուղարկավորմանը և մնալ երկրում 40-օրյա սուգի ընթացքում, չնայած, որ նրա դեմ հարուցված են մի քանի աղմկահարույց քրեական գործեր:
1992 թվականին Մութալիբովը փախավ Ռուսաստան: Նրան մեղադրանք է առաջադրված Ղարաբաղյան պատերազմի ժամանակ մի քանի աղետալի պարտությունների, 1990 թվականին Բաքվում 137 հոգու սպանության նպատակով Խորհրդային բանակի հետ դավադրություն կազմակերպելու, Ղարաբաղյան պատերազմի ժամանակ կործանարար անգործության, Խոջալուի պաշարումը հանելու անկարողության, ներկա նախագահ Իլհամ Ալիևի հոր՝ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի դեմ 1996 թվականին ահաբեկչական գործողություն կազմակերպելու և բազմաթիվ այլ հանցագործությունների համար:
Մարդու իրավունքների ակումբի համակարգող Ռասուլ Ջաֆարովը ողջունեց Իլհամ Ալիևի որոշումը՝ թույլ տալ Մութալիբովին վերադառնալ երկիր, բայց ասաց, որ այն հակաօրինական է և կարող է մտահոգիչ մի նախադեպ դառնալ՝ օրենքի կամայական կատարման առումով:
«Նախագահը իրավունք չունի որևէ մեկին անձեռնմխելիություն շնորհել: Սահմանադրության համաձայն, անձեռնմխելիությունը կարող է շնորհվել նախագահի, խորհրդարանի պատգամավորների կողմից և դատարանի վճռով: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Մութալիբովի դեմ ներկայացված մեղադրանքները «սարքված» են և ունեն քաղաքական բնույթ»,- ասաց նա:
«Ադրբեջանի իշխանությունները շատ լավ հասկանում են, որ Մութալիբովի քաղաքական վարկանիշը այդքան բարձր չէ, ինչպես 10 տարի առաջ էր: Այդ իսկ պատճառով, ելնելով առկա հանգամանքներից, նրանք թույլատրեցին նրան վերադառնալ երկիր: Սակայն ավելի լավ կլիներ, եթե դատարանը իր որոշմամբ չեղյալ հայտարարեր Մութալիբովի ձերբակալության մասին որոշումը»,- հավելեց Ջաֆարովը:
Մութալիբովը ծնվել է 1938 թվականին: Նա բարձր պաշտոններ է զբաղեցրել Կոմունիստական կուսակցությունում և 1990 թվականին դարձել Ադրբեջանական ԽՍՀ ղեկավար: Այդ իսկ պատճառով՝ Ադրբեջանի անկախության հռչակագրի ներքո դրված է հենց նրա ստորագրությունը:
Մութալիբովին թույլ չտվեցին վերադառնալ երկիր 10 տարի առաջ, երբ վախճանվեց նրա հայրը ինչպես նաև 2005 թվականին՝ ընտրություններին մասնակցելու համար, երբ նա գրանցվել էր որպես թեկնածու: Փաստորեն, նրա թեկնածությունը չեղյալ հայտարարվեց գրանցման հաջորդ իսկ օրը:
Ներկայում Ալիևը երեւի կարծում է, թե Այազ Մութալիբովի և նրա ստեղծած Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կշիռը այնքան փոքր է, որ նա կարող է Մութալիբովին նկատմամբ սիրալիր լինել: Անվիճելի է, որ Մութալիբովը երբեք չի դառնա իշխող շրջանակի անդամ և նա շանս չունի ստանալու իշխող որևէ կլանի աջակցությունը: Մութալիբովին չեն սատարում նաև ընդդիմադիր ուժերը, որոնք հանդես են գալիս երկրում ժողովրդավարական բարեփոխումների օգտին:
«Սխալ կլիներ հուսալ, որ նախկին նախագահի Ադրբեջան վերադարձի մասին թույլտվությունը կարող է նշանակել, թե երկիրը ավելի ազատական է դառնում: Օտարերկրացի լրագրողների արտաքսումը, արևմտյան ՀԿ-ների գրասենյակների փակումը և այլ փաստերը, որոնք ի ցույց են դնում ժողովրդավարության ցածր մակարդակը, վկայում են հակառակի մասին»,- ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի փորձագետ Զարդուշտ Ալիզադեն:
«Եվ նախագահ Իլհամ Ալիևի այս քայլը կարող է նշանակել, որ Ադրբեջանը ապրում է ավելի շատ ավանդույթներով, քան՝ օրենքներով»,- հավելեց Ալիզադեն:
Ներկա պահին Մութալիբովը բնակվում է Բաքվից ոչ հեռու ընկած Մարդական գյուղում գտնվող իր սեփական տանը: Նա չի շփվում մամուլի հետ, նրա անունից հայտարարություններ է անում Սոցիալ-դեմոկրատական կուսակցության երկրորդ համանախագահ Արազ Ալիզադեն:
«Այազ Մութալիբովը կարողացավ գալ Բաքու՝ շնորհիվ Ադրբեջանի նախագահի մարդասիրական քայլի: Մենք շնորհակալ ենք Ալիևին նրա համար, որ երաշխավորվեց Մութալիբովի անձեռնմխելիությունը»,- լրագրողներին ասաց Ալիզադեն:
Նա հավելեց, որ Իլհամ Ալիևի տիկինը՝ Մեհրիբանը, օգնում էր Մութալիբովի որդուն բուժման կուրս անցնել Թուրքիայում, և դրա համար նույնպես նրանք շատ երախտապարտ են Ալիևի տիկնոջը:
Մութալիբովի որդին հողին հանձնվեց Բաքվի գերեզմանոցում: Թաղմանը ներկա էին քաղաքական շատ գործիչներ, ընդդիմության առաջնորդներ, նախկին կոմունիստներ և պաշտոնատար անձիք: Հետաքրքրական է, որ այն քաղաքական գործիչները, որոնք 1990-ականներին ստիպեցին Մութալիբովին լքել երկիրը, այժմ հանդես են գալիս այն բանի օգտին, որ նրա դեմ հարուցված քրեական գործերը փակվեն:
Ադրբեջանի Լիբերալ կուսակցության ղեկավար Լալա Շովքեթը իր հայտարարությամբ պահանջում է ոչ միայն դադարեցնել բոլոր քրեական գործերը, այլև ընդունել մի նոր օրենք, որը հատուկ կարգավիճակ կշնորհի նախկին նախագահներին:
Այլ քաղաքական գործիչները՝ ինպես օրինակ, Իսա Ղամբարը, ով զբաղեցրեց նախագահի աթոռը Մութալիբովի փախուստից հետո, իսկ այժմ գլխավորում է ընդդիմադի Մուսավաթ կուսակցությունը և Ազգային ճակատ կուսակցության նախագահ Ալի Քերիմլին նմանատիպ պահանջներ են առաջ քաշում:
Սակայն Մութալիբովի կողմնակիցները լռություն են պահպանում, հայտարարություններով հանդես չեն գալիս և չեն քննադատում կառավարությանը:
Իդրակ Աբասովը «Այնա» թերթի թղթակից է: Մահարամ Զեյնալովը անկախ լրագրող է:
Հոդվածն արտատվպում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)
Իդրակ Աբասով, Մահարամ Զեյնալով, Կովկաս

No comments: