Wednesday, August 17, 2011

ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏՔ ՉԷ ՍՊԱՍԵԼ

«ԱԶԳ» 17-08-2011- Ռուսաստան-Հայաստան գազատարի Վրաստանի հատվածի սեփականատեր ընկերության բաժնետոմսերի մի մասի վաճառքից
Ռուսաստանից Հայաստան մտնող գազատարի Վրաստանում գտնվող հատվածի 25 տոկոսը վաճառելու այդ երկրի կառավարության մտադրությունը անմիջապես մտահոգություններ է առաջացնում Հայաստանում: Դա հասկանալի է, քանի որ այդ գազատարով ենք գազ ստանում Ռուսաստանից, եւ դրա ձեռքբերման ցանկության մասին հրապարակավ հայտարարել են նաեւ ադրբեջանական ընկերությունները: Սակայն այդ հեռանկարն ամենեւին էլ ողբերգական չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից:
Նախՙ Ռուսաստան-Հայաստան գազատարով գազի տարանցման համար Վրաստանը ստանում է համապատասխան վճարըՙ տեղափոխվող գազի 10 տոկոսի տեսքով: Դա ամրագրված է միջպետական համաձայնագրով, եւ այնպես չի կարող լինել, որ ադրբեջանական ընկերությունը ձեռք կբերի գազատարը եւ կդադարեցնի ռուսական գազի մուտքը Հայաստան:
Երկրորդՙ ինչպես վերջերս հայտնեցին Վրաստանի պաշտոնական ներկայացուցիչները, վաճառքի է հանվում Վրաստանի Նավթի եւ գազի միջազգային կորպորացիայի, որին պատկանում է նաեւ Ռուսաստան-Հայաստան գազատարը, այլ ոչ թե գազատարի բաժնետոմսերի 25 տոկոսը:
Երրորդ եւ ամենակարեւոր հանգամանքը 25 տոկոսն է: Այսինքնՙ վաճառվում է ոչ թե կորպորացիան ընդհանրապես, այլ նրա բաժնետոմսերի 25 տոկոսը միայն: Հետեւաբար, մնացած 75 տոկոսը մնում է Վրաստանի պետության սեփականությունը, իսկ 25 տոկոսի վաճառքը ներդրումներ ներգրավելու համար է արվում:
Չորրորդՙ Նավթի եւ գազի կորպորացիայի բաժնետոմսերը վաճառքի են հանվելու միջազգային (Նյու Յորքի, Լոնդոնի եւ Վարշավայի) բորսաներում: Դա նշանակում է, որ այդ բաժնետոմսերը կարող են ձեռք բերել բազմաթիվ ներդնողներ, այլ ոչ թե մեկ ընկերություն, ինչպես ուղղակի վաճառքի դեպքում:
Մեկ այլ հարց էլ կարող է առաջանալ: Իսկ եթե Վրաստանի կառավարությունը ապագայում վաճառի բաժնետոմսերի մնացած մասը ե՞ւս: Այդ դեպքում նույնպես հարկ չկա անկանխատեսելի իրավիճակների սպասելու: Բացի նրանից, որ դա քիչ հավանական է, քանի որ այդ կորպորացիայի մեջ են ընդգրկված Վրաստանի էներգետիկ ռազմավարական ճյուղերը, անգամ այն վաճառելու դեպքում, գնորդը պարտավոր է լինելու հարգել միջպետական համաձայնագրի պահանջները: Եթե ռուս-վրացական ներկայիս լարված հարաբերությունների առկայությամբ Վրաստանի պետական սեփականություն համարվող գազատարը գործում է, եւ Հայաստանը գազ է ստանում, ապա ինչպե՞ս կարող է մասնավոր ընկերությունը խոչընդոտներ ստեղծել այդ հարցում: Այնպես որ, գազատարի կամ, ավելի ճիշտ, դրա սեփականատեր ընկերության բաժնետոմսերի վաճառքի վերաբերյալ տեղեկատվությանը հատուկ ուշադրության արժանացնելու անհրաժեշտություն մեզ մոտ չկա:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

No comments: