Friday, August 26, 2011

Իրանցի գեներալ. «Մուսուլմանների պարտականությունն է պայքարել սիոնիստ զավթիչների դեմ»

Panorama.am. 25-8-2011- Իրանի զինված ուժերի գեներալ սեյեդ Մասուդ Ջազայերին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ իսլամադավան բոլոր ազգերի պարտականությունն է պայքարել սիոնիստ զավթիչների դեմ: Այս մասին հաղորդում է «IRNA» իրանական գործակալությունը:
Իրանցի բարձրաստիճան զինվորականը, ընդգծելով Երուսաղեմի համաշխարհային օրվա կարևորությունը, նշել է, որ Երուսաղեմի հարցը ինչպես համայն մուսուլմանական աշխարհի, այնպես էլ մարդկության մի զգալի հատվածի խնդիրն է, քանզի Երուսաղեմը հանդիսանում է այն վայրը, որտեղ խաչվում են տարբեր կրոններ:
Մ. Ջազայերին անդրադարձել է վերջին ամիսներին տարածաշրջանում տեղ գտած իսլամական զարթոնքին, որը պատճառ դարձավ բռնապետական համակարգերի տապալման համար, ինչպես օրինակ Եգիպտոսում՝ նշելով, որ այժմ իրենց ակնկալիքը տարածաշրջանի ժողովուրդներից այն է, որ նրանք աջակցություն կցուցաբերեն Պաղեստինի ժողովրդին:
Մ. Ջազայերին անհրաժեշտ է համարել Մերձավոր Արևելքի տարբեր երկրներում ձևավորվող նոր կառավարությունների միջև համագործակցությունը, որը վճռական և հաղթական պայքարի դուրս կբերի նրանց՝ ընդդեմ Երուսաղեմը բռնագրաված սիոնիստների՝ այդպիսով մաքրելով տարածաշրջանը «քաղցկեղային ուռուցքից», ինչպես նաև իրականացնելով Իսլամական հեղափոխության առաջնորդ իմամ Խոմեյնիի ցանկությունն ու երազանքը:
Հիշեցնենք, որ Երուսաղեմի համաշխարհային օրը նշվում է մուսուլմանական ռամազան ամսվա վերջին ուրբաթ օրը:

No comments: