Friday, August 26, 2011

ԱՄՆ–ի կարգադրությամբ Հայաստանը ձեռնպահ է քվեարկել հակաիսրայելական բանաձևին. Wikileaks

Tert.am. 25-8-2011- Wikileaks կայքի գաղտնազերծած փաստաթղթերից մեկն անդրադառնում է ամերիկացի դիվանագետ, ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը և ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Ձյունիկ Աղաջանյանի միջև 2007թ. տեղի ունեցած հանդիպմանը։ Ինչպես տեղեկանում ենք կայքում զետեղված փաստաթղթից, հանդիպման ընթացքում կողմերը զրուցել են «ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայում հակաիսրայելական բանաձևերի շուրջ գալիք քվեարկության» մասին։
Փենինգթոնը խնդրել է, որպեսզի այդ բանաձևերին ( 61/22, 61/116, 61/23) Հայաստանը կամ «դեմ», կամ «ձեռնպահ» քվեարկի՝ հաշվի առնելով այն խնդիրները, որոնք «նորացված մանդատները կարող են առաջացնել Մերձավոր Արևելքի խաղաղության գործընթացը վերսկսելու ուղղությամբ ԱՄՆ–ի և միջազգային ուժերի կողմից տարվող աշխատանքների ճանապարհին»։
Աղաջանյանն ի պատասխան հայտնել է, որ Հայաստանը, հաշվի առնելով ԱՄՆ–ի կարգադրությունը, որոշել էր «ձեռնպահ» քվեարկել Իսրայելի վերաբերյալ 61/23 բանաձևին, բայց չի կարող փոխել իր դիրքորոշումը («այո»–ն) մյուս երկու բանաձևերի առնչությամբ երկու հիմնական պատճառով՝ 1. հաշվի առնելով Պաղեստինի չլուծված հարցի և ԼՂ կարգավիճակի նմանությունը՝ Հայաստանը չի կարող դեմ լինել Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքին, 2. հաշվի առնելով «Իրաքի ազատության օպերացիային» Հայաստանի օժանդակությունը, ինչի հետևանքով արաբական աշխարհում հայերի նկատմամբ բացասական վերաբերմունք է ձևավորվում, ըստ Աղաջանյանի, անհրաժեշտ է, որ մյուս երկու բանաձևերին Հայաստանը «այո» ասի։

No comments: